Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու ընդեղենի, որովհետև իրենց հողերը բոստանի համար հարմար չեն։ Սակայն կոմունայի բոստանում ամեն ինչ էլ առատ և փարթամ է աճում, է՛լ պոմիդոր, է՛լ բիբար, վարունգ ու եգիպտացորեն: Եվ երբ ապշած, զարմացած նայում են բոստանին ու առատ բերքին, կարծես չեն ուզում հավատալ, մի անգամ էլ դառնում են ծանոթ սարերին, ասես ստուգում են, արդյոք Միսխանեի ձորո՞ւմն է այս ամենը:

— Մեր պապերը անասունի պես էին ապրում, նրանցն էլ կյանք է՜ր...

Կոմունան հարևան գյուղերում կազմակերպում է գյուղատնտեսական զրույցներ և իրենց փորձի օրինակով ցույց տալիս, թե ի՜նչեր կարելի է անել այդ ձորում։ Պետք է ասել, որ հարևան գյուղերն էլ են աշխատում լավությամբ հատուցանել կոմունայից ստացածն ու տեսած բարիքը։ Կոմունայի հարևան հույն Նոր Միխայլովկա[1] գյուղը, տեսնելով որ կոմունարների ուժը չի հերիքում խոտը հավաքելու, թեկուզ օրնիբուն բոլորն էլ աշխատում էին, ինչպես և բանեցնում էին խոտհար մեքենան, տեսնելով նրանց դրությունը, Նոր Միխայլովկայի ամբողջ համայնքը երկու կիրակի աշխատում է նրանց հետ և խոտը հավաքում։

Հարևանության համար կոմունարները չեն տրտնջում, եթե գյուղացիներից մեկը չկամ է դառնում և կամ ի չարն է գործադրում կոմունայի վերաբերմունքը։ Ուլաշիկ աղքատ գյուղին կոմունան մի երկաթե գութան էր տվել։ Տարին բոլոր բանեցրել էին, հողերը վարել և վերջում էլ գութանը ետ ուղարկել խոփը ջարդած, գութանը ծռմռած, կոտրած։ Առանց տրտունջի՝ կոմունայի Խորհուրդը որոշում է գութանն արհեստանոց ուղարկել վերանորոգման համար։

Պատահում է, որ ձմռան գիշերին, բուք ու բորան ժամանակ, լուր է հասնում, որ սարի ճամփին կամ կոմունայից հեռու ձյունի տակ մարդ է մնացել։ Ինչպես էլ լինի, գիշերվա որ ժամն էլ լինի, կոմունարները խմբով դուրս են գալիս և օգնության հասնում ձյունի տակ մնացած ուղևորներին։ Կամ կոմունայի սահմաններում մի գյուղացու սայլ է ջարդվում, գոմեշներն են թաղվում ցեխի մեջ, կամ էլ ուրիշ փորձանք. հերիք է, որ կոմունան լսի, իսկույն զանգահարում է մեծ զանգը, ձորի գյուղերն էլ են լսում, և նեղն ընկածը հասկանում է, որ կոմունայից օգնություն է գալիս։

  1. 6