Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, որ Հայատանի քաղաքների առաջացման մասին բերված նոր այդ փաստերը վկայում են, որ միջնադարի քաղաքները մեզանում ևս առաջացան նույն կարգով, ինչպես մինչև այժմ հայտնի էր արևմտյան Եվրոպայի համար։ Պրոֆ․ Մանանդյանի աշխատության այս էջերը ծանր հարված են հայ նացիոնալիստական պատմագրության այն դիրքավորման, ըստ որի՝ Անի և Կարս քաղաքների զարգացումն ու կարճ ժամանակում ճոխանալը վերադրվում է Բագրատունյաց թագավորների «աստվածատուր խելքին»։ Որտե՞ղ է գտել Հակ․ Զորյանը, թե պրոֆ. Մանանդյանը «փառաբանում է» Բագրատունիներին։ Մենք վճռական կերպով հայտարարում ենք, որ այս աշխատության մեջ այդպիսի ակնարկ անգամ չկա։ Եթե լիներ, Հակ․ Զորյանը ըստ երևույթին չէր զլանա մեջտեղ բերելու։

Բայց այստեղ կարևորը «մեթոդոլոգիական բնույթի» մի խնդիր է, որում ընկ. Զորյանի սխալը ձևակերպվում է իբրև ո՛չ մարքսիստական պատմագրական գնահատություն։ Ճիշտ կերպով դնելով խնդիրը, թե հայ բուրժուական պատմագրությունը շարունակ սև է նկարագրել արաբների տիրապետության շրջանը Հայաստանում, ընկ․ Զորյանը սխալվում է, կարծելով որ մարքսիստական պատմագրության վերջին խոսքը կլինի, եթե ասի, թե արաբների տիրապետությունը Հայաստանի քաղաքների համար բերեց բարգավաճում, իսկ Բագրատունիներինը՝ ոչ, որովհետև առաջինները մահմեդական էին, իսկ երկրորդները լուսավորչական, և որովհետև մինչև այժմ հայ նացիոնալիստները սևացրել են արաբներին, ապա «մարքսիստական» կլինի և արխի-ինտերնացիոնալիստական, եթե այժմ ինքը սևացնի Բադրատունիներին և սպիտակացնի արաբացի ֆեոդալներին։

Իհարկե, այս ուլտրա-ինտերնացիոնալիզմը ոչ մի առնչություն չունի մարքսիստական պատմագրության հետ, որովհետև վերջինս մի չափով է չափում բոլոր տեսակի ֆեոդալներին՝ արաբ թե հայ։ Եթե Զորյանն անհիմն դիտողություններ է անում պրոֆ. Մանանդյանի «փառաբանմանը» Բագրատունիների շրջանի համար, ապա մենք կարող ենք բերել բավական հիմնավոր ապացույցներ հենց իր՝ Հակ․ Զորյանի հոդվածից, որտեղ իսկական փառաբանություն կա արաբացի ֆեոդալների կարգերի նկատմամբ։ Նացիոնալիստական պատմագրությանը մի՞թե հակադրում կլինի, եթե պախարակենք «մեր ֆեոդալին» և վեր հանենք «օտար ֆեոդալին»։ Այս մակերեսային և մեխանիստական