Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գանձումով ու օգտագործման վարչական կարգավորումով։ Կես միլիոն դեսյատինի հասնող մեր արոտավայրերում կան վաղուց հասունացած խնդիրներ, որոնց ճշգրիտ լուծումը կփրկի արոտավայրերն անխնամ օգտագործվելուց՝ ավելացնելով ստացած եկամուտը, հնարավորություն կտա տեղական ազգաբնակության է՛լ ավելի լայն սահմաններում օգտվելու արոտներից։

Արոտաշինարարությունը կատարվելու է հինգ՝ Փամբակ-Լոռու, Դիլիջանի, Զանգեզուրի, նոր Բայազետի և Դարալագյազի գավառներում, 202 հազար դեսյատին տարածության վրա, 5 հողաչափի միջոցով։ Աշխատանքների կարևոր մասն արդեն ուսումնասիրված արոտների վերաբաշխումն է տեղացի և եկվոր ժողովուրդների միջև այն հաշվով, որ եկվորների օգտագործման տակ եղած տարածությունը թողնելով անփոփոխ, բավարարություն տրվի տեղական բնակչության՝ նադել հողերին[1] կից արոտներից։

Վերաբաշխումը, որպիսի աշխատանք նախատեսվում է կատարել Փամբակ֊Լոռում և Նոր Բայազետում, նպատակ ունի նաև դրսից եկող քոչվորներին համախմբելու մի քանի շրջաններում՝ ավելի հեշտացնելու համար ժանտախտի հնարավոր վտանգի դեմ պայքարելու գործը, զերծ պահելու տեղացիների ցանքերն ու խոտհարքները քոչվորների անասուններից, ավելի դյուրացնելու վարչական աշխատանքները՝ վարձագնի գանձում, արոտների կանոնավոր օգտագործում և այլն։

Որոշ փոփոխություններ մտցնելով քոչվորների մինչ այժմ օգտված արոտների տաոածության չափի մեջ և խստիվ կիրառելով արոտների համախմբում՝ այս տարվանից հնարավոր է դառնում մեր արոտներն ավելի շահավետ օգտագործել:

Վերաբաշխման ընթացքում տեղական բնակչությանը տրվում են արոտներ ըստ հարմարության, հիմք ընդունելով գյուղի անասունների քանակն ու անասնապահության վիճակը։ Արոտներով բավարարվել են ոչ բոլոր գյուղերը։ Անգամ վերաբաշխումից հետո մնում են գյուղեր, որոնք ոչ մի դեսյատին արոտավայր չեն ստանում։ Վերաբաշխման ժամանակ արոտավայրերի այն նեղ և երկար կտորները, որոնք, խառնվելով գյուղական նադելին, մինչ այժմ դժգոհությունների աղբյուր էին ծառայում, կտրվում և միացվում են գյուղի նադելին, սահմաններն ուղղելու նպատակով։

  1. 5