Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խմբագրությանս հարցումին` «Պանիր-յուղ» կենտրոնը միայն նկարագրում է դեպքը, որպես երևույթ և չեզոք անձ, որին, ասես, չի վերաբերում կատարվածը։ «Ինչպես երևում է Նոր Բայազետի «Սարգսյան» անվան կաթնարտելի անդամների ընդհանուր ժողովի տվյալներից, նրանց կողմից գնված երկու ցուլերը (սիմենտալ և շվից) Ստեփանավանից Նոր Բայազետ տեղափոխելիս օրական 35֊50 վերստ ճանապարհ են անցել, որ միանգամայն անթույլատրելի երևույթ է։ Այդ առթիվ Ղարաքիլիսայում՝ վարչությանս հրահանգիչը խորհուրդ է տվել ցուլեր տեղափոխող կաթնարտելի վարչության նախագահ Գորոյանին, որ ցուլերն այդպես տեղափոխել չի կարելի, բայց վերջինս հրահանգչի խորհուրդը չի կատարել»։

Մի հարց ևս։ Ո՞վքեր են արտելի անդամները, ո՞ր խավից են և ի՞նչպես են նայում արտելին։ Արտելին անդամագրված 40 տնտեսությունից 16֊ն ունի 37 կով, յուրաքանչյուրը՝ 2 կով։ Մնացած 100 կովը 24 տնտեսության է պատկանում, որից մի քանիսն ուներ 7 կամ 8 կով: Ի՞նչ է ստացվում։ Քիչ կով ունեցող անտեսությունները որոշ վարձով իրենց կովերը հանձնել են արտելի անդամ ուժեղ տնտեսություններին, որպեսզի նրանք խնամեն, սարում պահեն, կթեն և կաթը տան արտելին։ Մի ուրիշ փաստ․ այս անգամ «Պանիր֊յուղ» կենտրոնի տված տեղեկության համաձայն, «արտելի 5 կուլակ անդամները կարողացել են վարկ ստանալ 3505 ռուբ. 50 կոպ. այն ժամանակ, երբ չքավոր և կով կթող արտելի մի անդամ կինը, որին հասնում էր 65 ռուբլի, հազիվ կարողացել է իր վերջնական հաշիվը ստանալ 27 թ. հունվար ամսին»: Հիշյալ բոլոր բացերը «Պանիր֊յուղ» կենտրոնը վերագրում է արտելի վարչության «անփույթ վերաբերմունքին»։

Այս բացատրությունը բավարար համարվել չի կարող։ 5 տնտեսությունն ստացել են 700֊ական ռուբլի, իսկ աղքատ կինը ամիսներով մաշել է արտելի վարչության դռները։ Այս արտել չէ՛, այլ ունևոր տնտեսությունների «դուքան»։ Եվ «Պանիր֊յուղ» կենտրոնը չէ, որ անտարբեր հանդիսատեսը պիտի լինի և արձանագրի փաստը, առանց մտահոգվելու այդպիսի արտելները վերակազմելու, եղած թերությունները վերացնելու և հանցավորներին պատասխանատվության կանչելու։

Մեր տնտեսությունը ոչինչ չի կորցնի, եթե Նոր Բայազետի կաթնարտելի պես արտելը գոյություն չունենա։ Հարկավոր է խիստ հսկողություն ունենալ, որպեսզի այդպիսի բացերը վերանան։