Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱԿԱՎԱՀՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՑ

Ընթացիկ տարում արդեն վերջանում են ներքին հողաբաժանության և միջգյուղյա հողաշինարարության աշխատանքները, և, ուրեմն, կիրարկության է դրվում բոլոր գյուղերում հեղափոխության նվաճումներից մեկը՝ հողային ռեֆորմի առաջին մասը, որպես հողահավասարեցում ։ Այդ աշխատանքները հնարավորություն են տալիս մոտավոր գաղափար կազմելու թե՛ հողատեսքերի առերես քանակի և թե՛ հողով բավարարված բնակչության թվի ու նրանց ստացած հողային նորմաների մասին։

Խորհրդայնացում իր անմիջապես հետո գումարված հատուկ խորհրդակցության մշակած հողային նորմաները՝ կիրարկության դնելիս, հանրապետության հողասակավության պատճառով, կիսով չափ կրճահատված են։ Ըստ զոնաների որոշված էր շնչաբաժին հող տալ՝ տափարակում 1 դես․, նախալեռնային գոտում՝ 1 ¼ դես., լեռնայինում՝ 2 դես. և ալպյան գոտում՝ 3 դես., իսկ տրված է տափարակում՝ 1/5 — ½, նախալեռնայինում՝ ¼-½, լեռնային՝ ¾—1¼ և ալպյան գոտում՝ 1½—3 դես.: Համեմատաբար բարելավ վիճակի մեջ են ալպյան գոտում ընկած սակավաթիվ գյուղերը, որոնց շնչաբաժինն, ի հաշիվ գյուղերին կից պետական արոտների, հնարավոր եղավ նորմային մոտեցնելու, իսկ ավելի վատթար պայմաններում են նախալեռնային գոտու գյուղերը, որոնց բնակչությունը ընդհանուր թվի զգալի տոկոսն է կազմում։

Նախնական նորմաներով բնակչությանը բավարարելու համար հարկավոր էր 1 587 371 դես․ վարելահող և խոտհարք, այնինչ իրականում, հողաբաժանության ընթացքում, այդ թիվը կրճատվեց և հասավ 920 000 դես․, թեկուզ որոշ չափով բնակչության օգտագործության համար հատկացվեց նաև պետական արոտներից, որոնք հաշվի չէին առնված որպես բաշխման ենթակա հողային ֆոնդ։ Սակայն արոտներից զատված հողային ֆոնդը մի քանի տասնյակ հազար դես․ չի հասնում, նկատի ունենալով այն, որ քոչվորության ներկայությունն ինքնին արգելք էր արոտների անվերջ զատման։ Բացի այդ, արոտների հեռավորությունն ավելի սակավահող գյուղերից (առաջին հերթին՝ նախալեռնային գոտուց) հնարավոր էր դարձնում արոտների հաշվին բավարարել միայն ալպյան գոտու հողապակաս գյուղերին։