Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հողամասերի քանակի և տեսակների, անասունների և երկրագործական պարագաների քանակի և տեսակների, երկրագործական հասույթների, աոանձին գյուղական տնտեսության, ընտանեկան բյուջեի (հասույթ և ելք), առանձին գյուղացիական խմբերի կամ շերտերի, հարկերի տեսակների (պետական, տեղական, կամավոր և ընդհանուր գումարի) մասին, մենք կարող ենք չափազանց հետաքրքրական մի նյութ ստանալ, որն ուրիշ կարևոր նյութերի կողքին կարող է նպաստել հայ գյուղի առարկայական ճանաչողությանը»[1]։

Մեր ամենօրյա աշխատանքը, հենց առաջին տարիներից, առաջադրել է մի շարք խնդիրներ, որոնց լուծումը երկարատև և համառ աշխատանք է պահանջում։ Կերի խնդիրը, ցանքաշրջանառությունը և նման կենսական խնդիրներ դեռ լուծված չեն։ Մեր հորիզոնից անտես չպիտի առնենք նրանց և ամեն անգամ հետամուտ լինենք նրանց լուծման։

Մինչ այժմ քիչ ուշադրություն է դարձված կոլեկտիվ տնտեսության ձևի կազմակերպման և մեքենայացման վրա։ Պետք է խոստովանել, որ կոլեկտիվացման խնդիրը մեզանում տեսական բնույթ կրող մի երկու վեճերից դեն չի անցել, այնինչ իրականում այդ խնդրում շատ ավելին է արված։ Կոլեկտիվներ, մանավանդ հողօգտագործման ասպարիզում, տարերային թափով են կազմակերպվում։ Հարկավոր է ետ չմնալ և առաջադրված խնդիրների լուծման հետամուտ լինել։

Հատուկ ուշադրություն պիտի դարձնել գյուղի շինարարության։ Նոր գյուղն իր պահանջներն է առաջադրում։ Հատակագծվում են հին գյուղերը. նոր կառուցումներ են արվում, կանոնավորվում են ճանապարհներն ու ջրաօգտագործումը, հողերը կտրատվում են նոր ձևով, և այդ բոլորին հետևում են նոր մշակույթներ կամ եղածների մեջ տարբեր հարաբերություն, և հիմնովին փոխվում է գյուղի տնտեսությունը։ Քիչ է միայն հետևելու և արձանագրելու կատարվածը, հարկավոր է նախօրոք այդ խնդիրները լայն քննության նյութ դարձնել, օգտագործելով արդեն կատարած աշխատանքի փորձը։

Գյուղատնտեսական գիտելիքները հանրամատչելի դարձնելու համար գրքույկները բավական չեն։ Ժամանակն է, որ հրատարակության ձեռնարկենք հանրամատչելի գյուղատնտեսական մի ժուռնալի՝ մասսայական ընթերցողի, գրաճանաչ գյուղացու համար։ Այդ խնդիրը մի քանի անգամ ծեծվել է և միշտ էլ դրական իմաստով լուծում ստացել։

  1. 4