Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծախքերից, որ հոգում է գյուղը (օրինակ՝ հողաչափի բնակարանի վարձ, հողային կոմիտեների աշխատավարձ և այլն)։ Պիտի բոլոր միջոցները գործադրել, որ չքավորները հողը միանգամայն ձրի ստանան, Գյուղական և ո՛չ մի համախոսական ու ո՛չ մի համայնական որոշում կամ «թովջի» այս խնդրում ընդունելի լինել չի կարող:

Հիմնական հողաշինարարության ընթացքում չքավորի շահերը պիտի պաշտպանել անխախտ։ Թույլատրելի լինել չի կարող վիճակահանության ձևը, որի ընթացքում շատ չքավորների հողը հեռու և անբարեբեր վայրում է ընկնում։ Հողաշինարարը և այդ գործին հսկող վարչական և հողային մարմիններն ավելի աչալուրջ պիտի հետևեն չքավորներին պաշտպանելու գործին։

Այս խնդրի հետ սերտ առնչություն ունի հողօգտագործական կոլեկտիվների խնդիրը, որի նկատմամբ մինչև այժմ շատ քիչ բան է արված՝ ձևակերպելու այն տարերային պահանջը, որ գալիս է «ներքևից», չքավոր տնտեսություններից։ Պետք է պարզ ասել, որ հողային մարմինները կոլեկտիվ կազմելու գործում շատ ավելի են առաջ գնացել, քան այն մարմինները, որոնք պիտի հետևեն նրանց վարկավորման, տրակտորիզացիային և հողերի միասնական մշակության։ Հողաշինարարության ընթացքում կազմակերպված կոլեկտիվները հաճախ քայքայվում են ղեկավարություն չստանալու պատճառով։

Այս դրությունը վերացնելու և հետագայում հողօգտագործման կոլեկտիվների կազմակերպման գործն ավելի կանոնավոր հունի մեջ դնելու համար հարկավոր է ստեղծված կենտրոնը գործի հրավիրել և կանչել աշխատանքի, մշակել անելիքի ծրագիր և այդ անելիքը հարմարեցնել առաջիկա տարվա թե՛ հողաշինարարության և թե՛ մեր վարկային հնարավորությունների հետ։ Հավասարաչափ անելիք ունեն այս խնդրում հողաշինարարը, ագրոնոմը և կոոպերատորը։ Եթե հողաշինարարն իր աշխատանքի ընթացքում կոլեկտիվին պիտի մի տեղ հատկացնի և հող տա, ագրոնոմն այդ հողի վրա պիտի նրանց տնտեսության կազմակերպման հետամուտ լինի, կոոպերատորն ագրոնոմի հետ միասին պետք է հոգա վարկի, մթերքների սպառման և այլնի մասին։

Բայց դառնանք դարձյալ անելիքներին։ Չքավոր տնտեսություններին կամ նրանց կոլեկտիվներին հողով բավարարելուց հետո պետք է հոգալ այդ հողի վրա կատարելիք աշխատանքների մասին, առանց որի հողաշինարարությունն արդյունավետ չի կարող լինել։