Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ արդեն համարյա բոլոր անհրաժեշտ միջոցներն ունենք, մնում է, որ այդ միջոցները լրիվ գործադրենք։

Մեր գյուղերում աշխատում են մոտ 100 սերմազտիչ։ Յուրաքանչյուր սերմազտիչ պիտի աշխատի 60 օր և այդ հաշվով՝ հարյուր մեքենան պիտի մաքրեին 12 000 տոնն կամ 720 000 փութ ցորեն, այնինչ անցյալ տարի մեքենաները զտել են միայն 75 000 փութ, այսինքն՝ 10 տոկոսը։

Ի՞նչ օգուտ սերմազտիչից, եթե մեքենան լրիվ չպիտի աշխատի, այլ վեր ընկած պիտի լինի գյուղխորհրդի շենքի առաջ, որ հավերը վրան ծրտեն կամ անձրևն ու ձյունը փչացնեն ու ժանգոտեն։

Ոչ մի սերմազտիչ պարապ չպիտի մնա այս սեզոնում։ Հանցավոր է այն վարկային ընկերության նախագահը, ՓՕԿ-ի նախագահը, գյուղխորհուրդն ու ագրոնոմը, որ միջոցներ չպիտի ձեռք առնեն սերմազտիչները լրիվ օգտագործելու։

Պետք է բոլոր միջոցները ձեռք առնել եղած շարքացանները աշխատեցնելու։ Կոլեկտիվները պիտի առաջ անցնեն և օրինակ ցույց տան։

Թույլ է այն կոլեկտիվը, որ պիտի ծուլանա ժամանակին շարքացան ձեռք բերելու և իր հողերը շաղացան անի։ Ձեռքով ցանելով՝ տնտեսությունը ապրանքային չի դառնա, և ոչ էլ կոլեկտիվը կուժեղանա։ Ոչ մի հատիկ սերմ չպիտի սերմել առանց սերմազտիչի։ Այս տարի ստացվում են նոր մեքենաներ, որոնք անցյալ տարվա եղածի հետ կարող են աշնան ցանելիք ամբողջ սերմը մաքրել և, այսպիսով, աշնան ցանքի բերքը ավելացնել։

Պատրաստվի՛ր աշնանը ցանք անելու, շարքացանի հոգսը քաշի՛ հենց հիմիկվանից, որ սերմդ տնտեսես և մեքենայով ցանես և ոչ մի հատիկ սերմ չգցես առանց սերմազտիչով մաքրելու։

Ահա թե ի՛նչ պիտի անել աշնան ցանքի տարածությունն ավելացնելու և շատ բերք ստանալու համար:

ԱՐԲԱԹԻ «ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ» ԿՈԼԵԿՏԻՎԸ

Արբաթի[1] կոլեկտիվը մեր ամենալավ կոլեկտիվներից է։ Կարճ ժամանակում նա շատ բան է արել։ Այս տարի ունի 19 դեսյատին ցանք։

  1. 1