Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կոլեկտիվն առաջիկա աշնանը պիտի շինի ընդհանուր պահեստ, գոմ, փուռ և դարմանանոց

«Համերաշխություն» կոլեկտիվն իր հողերը ստացել է երկու կտորով։ Նրանց հողերը մոտիկ են գյուղին և հարմար են։ Կոլեկտիվն իր տրակտորով խոր վարել է ստացած չիմանները և մշակության համար դարձրել պիտանի։

Արբաթ գյուղը ենթարկվել է պլանիրովկայի։ Կոլեկտիվի անդամներին տնատեղ տվել են մի տեղից, որ կից է և մոտ նրանց հողերին։ Բացի դրանից, նրանց հատկացված է մի տնատեղ ևս, որտեղ նրանք պիտի կառուցեն ընդհանուր պահեստ, գոմ, փուռ և դարմանանոց։

Աղյուսներն արդեն պատրաստում են։ Պահեստն ու դարմանանոցը պիտի մինչև բերքի հավաքելը պատրաստ լինեն, որպեսզի նոր բերքր լցնեն ընդհանուր պահեստը։

Գոմը պիտի լինի օրինակելի։ Հայգյուղկոոպը նրանց խոստացել է տալ օրինակելի գոմի պլան։ Շինությունների համար կոլեկտիվը երկարատև վարկ է ստացել։ Ինչ վերաբերում է փուռին, ապա այդ ծառայելու է ո՛չ միայն կոլեկտիվի, այլև մյուս գյուղացիների համար, կոլեկտիվի համաձայնությամբ։

Կոլեկտիվն այժմ զգում է շինանյութի պակաս։ Տեղում շինանյութ կա, բայց շատ թանկ է։ Հարկավոր է, որ վարկավորող հիմնարկությունը, առաջին հերթին հայգյուղկոոպը, հատուկ ուշադրություն դարձնի կոլեկտիվին շինանյութով վարկավորելու։ Այդ ավելի ձեռնտու կլինի կոլեկտիվին։

Ի՞նչ են ասում գյուղացիք կոլեկտիվի մասին

Արբաթը մեծ գյուղ է, ունի 194 հայ և թուրք տնտեսություն։ Գյուղի չքավորներին կոլեկտիվը օգնություն է ցույց տալիս: Չքավորները օգտվում են կոլեկտիվի գործիքներից: Չքավորների 8 հեկտար հողը կոլեկտիվը վարել է և ցանել է աելի ձեռնտու պայմաններով, քան այդ անում էին գյուղի կուլակները։

Խորթ աչքով են նայում կոլեկտիվի վրա կուլակները։ Ուրիշ կերպ էլ լինել չի կարող։ Արբաթի կոլեկտիվի օրինակը ցույց է տալիս, որ ինչքան չքավորը սեր ունենա դեպի կոլեկտիվը, իսկ կուլակը, ատելություն, այնքան լավ հիմքերի վրա է դրված կոլեկտիվը, և ճիշտ է նրա բռնած ճանապարհը։