Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղաքական-հասարակական դեպքերի ընթացքի վրա։ Ո՛չ թե միայն տրանզիտային առևտրի ճանապարհն էր ազդում քաղաքների զարգացման վրա, այլև իրենք քաղաքները զարգանալով՝ հակադարձ ազդեցություն ունեին այդ ճանապարհների ուղղության և նրանց վրայով անցնող առևտրական քարավանների վրա։

Կա մի սխալ ևս, որ չի տեսել ընկ. Զորյանը։ Այդ այն տարբերությունն է, որ գոյություն ունի ճորտատիրական և ֆեոդալական դասակարգերի միջև։ «Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական ագրարային ծրագիրը» հոդվածում, ծանոթության մեջ, Լենինը գրում է․ «Հայտնի է, որ ճորտատիրական և ֆեոդալական հասարակության մեջ դասակարգերի տարբերությունը նշվում է բնակչության դասային (сословный) բաժանման մեջ և զուգորդվում էր յուրաքանչյուր դասակարգի հատուկ իրավական (ընդգծումը բնագրինն է—Ա. Ս.) դիրքի որոշմամբ պետության մեջ։ ...Ընդհակառակը, կապիտալիստական, բուրժուական տեսակետից՝ բոլոր քաղաքացիները հավասար են, դասային բաժանումները ոչնչացված են (գոնե սկզբունքով) և դրա համար էլ դասակարգերը դադարել են դաս լինելուց» (Լենին, հատ. V, էջ 92—93)։

Պրոֆ. Մանանդյանի աշխատության մեջ այս զանազանությունը աղոտ է գծված, իսկ ընկ. Զորյանը, փոխանակ ճշտելու, սխալ է կատարում, առարկելով «ֆեոդալիզմի իրավական նորմաների դեմ»։ Ինչպես տեսանք, այդ նորմաները, իրավունքի տարբերությունները զանազան դասերի համար կազմում են ֆեոդալիզմի բնորոշ և առանձնահատուկ կողմը։ Փոխանակ առարկելու ֆեոդալիզմի իրավական «կախյալ դրություններին», ընկ. Զորյանը պիտի ընդգծեր, որ այդ ճիշտ տարբերությունը միակը չի, որ հիմնականում հասարակության բաժանումը դասակարգերի՝ ընդհանուր է թե՛ ֆեոդալիզմի և թե՛ բուրժուական հասարակությունների համար։

Մի դիտողություն ևս, և մենք կվերջացնենք։

Փաստորեն, ընկ. Զորյանը առարկություն չի անում պրոֆ. Մանանդյանի հիմնական բացատրության ֆեոդալիզմի շրջանում Հայաստանում կատարված պատմական դեպքերի։ Պրոֆ. Մանանդյանի կարծիքով՝ Հայաստանի պատմությունն ընթացել է առանձնահատուկ ճանապարհով։ Շարունակ իրար հաջորդել են բազմաթիվ կատաստրոֆներ, որոնք հաճախ հիմնահատակ են արել մինչև այդ կարգավորված տնտեսական կյանքը և երբեմն ետ շպրտել դեպի տնտեսական կյանքի ավելի ցածր