Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշնանացանի ընթացքում նման դեպքեր չպիտի լինեն։

Գարնան ցանքի կամպանիան ուշ սկսվեց, և քիչ ժամանակ կար աշխատանքները կանոնավոր տանելու։ Սակայն դարձյալ բավական աշխատանք է կատարված։

Հենց այժմվանից է սկսվում աշնանացանի կամպանիան, որ ամեն ինչ նախօրոք պատրաստած լինենք, մեքենաները՝ նորոգած, սերմացուն՝ տեղում, չքավոր տնտեսություններին վարկը հանձնած և այլն։

Վարկ և սերմացու չքավոր տնտեսություններին

Աշնանացանի համար չքավոր տնտեսություններին տրվելու է 200 000 ռուբլի։ Այդ գումարը հատկացվելու է սերմացու ձեռք բերելու համար։ Փորձն արդեն ցույց է տվել, որ մեզանում շատ լավ են բսնում աշնանացան ցորենի «Զեմկա» և «Կոոպերատորկա» տեսակները:

Այդ երկու տեսակից էլ որոշված է ձեռք բերել 15 000 փութ և բաժանել բոլոր գավառներին։ Այսպիսով՝ մենք ո՛չ միայն սերմացու կտանք չքավորին, այլ լավ և բերքատու սերմ։

Առանձին ուշադրություն պիտի դարձվի կոլեկտիվ տնտեսությունների վրա։ Կոլեկտիվներին աշնանացանի համար ինվենտար, սերմացու և լծկան ձեռք բերելու նպատակով հատկացվելու են գումարներ։

Կոլեկտիվները պիտի առաջի շարքում լինեն և գործով ցույց տան, որ իրենք ո՛չ միայն ցանում են այնքան, ինչքան ցույց են տալիս, այլև ցանած սերմացուն պիտի լավը լինի, մաքրած սերմազտիչով, հերկն արված տրակտորով, ցանքը՝ մեքենայով։

Առանց դրան նրանք լավ օրինակ չեն կարող լինել։

Ոչ մի փութ գոմաղբ չպիտի մնա գյուղում

Գոմաղբով դեռ բոլորը չեն պարարտացնում նույնիսկ այն գյուղերում, որտեղ ուրիշ վառելանյութ կա։ Մինչև հիմա էլ գյուղի փողոցներում, բակերի մոտ աղբակույտերն անպակաս են։ Արևի, անձրևի տակ փտում, կորչում է ահագին գանձը, իսկ մեր դաշտերը տարեցտարի ուժից ընկնում են, բերքը պակասում է։

Արտակարգ լիազորությունը որոշել է պարտադիր կերպով աղբը դաշտ կրել տալ այն տնտեսություններին, որոնք փոխադրելու միջոց ունեն։ Ժամանակն է, որ մեր գյուղացին վարժվի գոմաղբով հողերը պարարտացնել։