Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արտակարգ լիազորության այս որոշումը ուժի մեջ պիտի թողնել, մինչև որ գյուղերը վարժվեն գոմաղբով հողերը պարարտացնելուն։

Չքավոր տնտեսությունների համար գոմաղբի դաշտ տանելը պիտի կատարվի հասարակական աշխատանքների միջոցով։

Գոմաղբից գյուղի փողոցներն ու բակերը պիտի մաքրել և սնունդ տալ ուժասպառ հողերին։

Խոտի պաhեստի ֆոնդեր

Աշնանացանի կամպանիայի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու, որ գյուղերում ցանեն առվույտ ու կորնգան։ Մեր ընթերցողներն արդեն գիտեն, թե ինչքան է տուժում մեր տնտեսությունը կերի պակասից։ Անցած ձմեռը կենդանի օրինակ եղավ մեզ համար։

Որպեսզի նորից նույն վիճակը չապրենք, որոշված է տեղերում կազմակերպել խոտի պահեստի ֆոնդեր։ Այս տարի Հայգյուղկոոպն ու գյուղտրեստը պիտի ձմեռվա համար պատրաստեն 300. 000 փութ խոտ։

Բացի այդ ֆոնդից, յուրաքանչյուր գավառ ու շրջան պիտի ստեղծի խոտի ֆոնդի իր պահեստը, պիտի հավաքվի անտառային բացուտներից, հասարական խոտհարքներից և գյուղական հողային ֆոնդերից։

Միայն այդ ֆոնդը քիչ է։ Գյուղն ինքը պիտի ցանի առվույտ ու կորնգան, լեռնային գավառների կոլեկտիվները որքան միջոց ունեն, պիտի զարկ տան այս աշնանը շատ առվույտ ու կորնգան ցանելու: Ահա թե ինչ աշխատանք պիտի կատարվի այս տարվա աշնանացանի համար։

ՊԱՅՔԱՐԵՆՔ ՀԻՆ ԿԵՆՑԱՂԻ ԴԵՄ

Հին կենցաղը, որի մնացորդների մեջ դեռ այժմ էլ տառապում է մեր գյուղացիությունը, այն բազմաթիվ չարիքներից մեկն է, որը ժառանգություն է մնացել մեզ նախկին կարգերից։

Ներկայումս մեր նպատակն է՝ ամեն կերպ պայքարել հին կենցաղի մնացորդների դեմ և ամեն կերպ աշխատել, որ հաղթանակի նոր կենցաղը։

Վերափոխենք գյուղացու ապրուստի ձևերը

Նոր կենցաղի մասին խոսելիս, մենք առաջին հերթին ուշադրություն պիտի դարձնենք մեր գյուղացու կյանքը կամ ապրուստի ձևերը փոխելու վրա։