Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ֆոնդեր կան։ Նախնական աշխատանքների համար հատկացված է կես միլիոն ռուբլի։

Հյուսիսային Կովկասում հիմնվելիք խոշոր տնտեսությունների սահմանները արդեն որոշված են, և մի քանի հարյուր տրակտոր արդեն սկսել են հողերը հերկել։ Միայն մի տնտեսության մեջ, կարճ ժամանակվա ընթացքում, հերկված է 3000 հեկտար։

Հյուսիսային Կովկասում այս տարի պիտի ցանվի 60 հազար հեկտար, Սամարայի նահանգում՝ 40 հազար, Սարատովի նահանգում՝ 25 հազար։ Միայն Կազակստանում 200 հազար հեկտար տարածություն է հատկացված մի խոշոր տնտեսություն կազմակերպելու, որը երկաթուղուն շատ մոտ է լինելու, և որի համար հարկավոր է մոտ 500 տրակտոր:

Պետական բյուջեով՝ 17 միլիոն ռուբլի է հատկացվելու խորհրդային խոշոր տնտեսությունների կազմակերպման համար։ Արդեն գործի են կանչվում ագրոնոմներ, տեխնիկներ և այլ մասնագետներ, որոնք պիտի տեղերում ղեկավարեն այդ աշխատանքները։

Ինչո՞ւ համար է պետությունը հիմք դնում խորհրդային խոշոր տնտեսությունների։

Քանի գնում, մեր արդյունաբերությունը զարգանում է, քաղաքներում բնակչությունը շատանում է, բանվորների թիվը հարյուր֊հազարներով է ավելանում, և, վերջապես, մեր առևտուրը օտար պետությունների հետ, մանավանդ հացի արտահանությունը, ավելի մեծ չափերի է հասնում։

Դրա համար էլ հարկավոր է շատ հաց ունենալ թե՛ քաղաքների կարիքր բավարարելու և թե՛ արտահանման համար։

Բայց խոշոր տնտեսություններ ստեղծելով՝ պետությունը մոռացության չէ տալիս գյուղական տնտեսություններին, որոնք տարեկան մի քանի հարյուր միլիոն փութ հաց են տալիս թե՛ արտահանման և թե՛ երկրի ներսի կարիքների համար։

Գյուղացիական մանր տնտեսությունների կոլեկտիվացումը և այդ կոլեկտիվներին պետական օժանդակություն ցույց տալը հենց այդ նպատակի համար է։ Հարկավոր է ստեղծել խոշոր կոլեկտիվներ, չքավոր ու միջակ գյուղացու տնտեսությունները միացնելով ստեղծել հացի ֆաբրիկաներ, հազար և ավելի հեկտար տարածություն ունեցող կոլեկտիվներ, որոնք կարող են պետությանը հարյուր֊հազարավոր փութ հաց տալ։