Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լեզուներից են՝ լատիներեն և ռուսերեն: Թեպետ մյուս ինստիտուտներում, որպես պարտադիր առարկա, ավանդվում է լատիներենը, բայց ի նկատի ունենալով ուսանողների մի մասի թույլ պատրաստականությունը ռուսերենից, կազմակերպչական կոմիտեի որոշմամբ այդ առարկան ևս պարտադիր է ռուսերենից թույլ ուսանողների համար: Օտար լեզուներից ավանդվում են գերմաներենն ու ֆրանսերենը։

Դասախոսների և մյուս գիտական աշխատակիցների մեծ մասը պետհամալսարանի ուժերից են։ Դրսից հրավիրված են առայժմ 3 պրոֆեսոր և մի գիտական աշխատակից։ Թե՛ դրսից հրավիրվածները և թե՛ տեղական ուժերն ամեն ջանք ու եռանդ գործադրում են կահավորելու ինստիտուտի լաբորատորիաները և մյուս աշխատանոցները, կրելով այն բոլոր անհարմարությունները, որ անխուսափելի են նոր հիմնած բարձրագույն դպրոցի աոաջին տարում։ Այն ընկերական և աշխատանքային մթնոլորտը, որ ստեղծվել է դասախոսների և ուսանողների միջև, մեծ գրավական է հենց առաջին տարում պարապմունքները կանոնավոր և արդյունավետ տանելու։

Այս թեթև տեղեկությունը ցույց է տալիս, որ կարճ ժամանակում ահագին աշխատանք է թափված այն բոլոր մարմինների կողմից, որոնք այս կամ այն առնչությունն ունեն ինստիտուտի հետ։ Իսկ այդ հիմնարկության նշանակությունը թե՛ Անդրկովկասի և թե՛, մանավանդ, Հայաստանի համար խոշոր է։ Ծրագրի համաձայն, ինստիտուտի 5 կուրսը պիտի ունենա հինգ հարյուր ուսանող։ Ամեն տարի կառուցումներ են արվելու, լայնացվելու է աշխատանքը, գալու են գիտական նոր ուժեր, և ինտերնացիոնալ միջավայրում դաստիարակություն են ստանալու բազմալեզու և բազմատեղ Անդրկովկասի բանվորա֊գյուղացիական երիտասարդությունը։

Յուրաքանչյուր անդրկովկասյան բարձրագույն կրթական հիմնարկ Միության մյուս համանման հիմնարկից մի գլխավոր տարբերություն ունի։ Ընդհանուր գիտելիքներ և մասնագիտություն տալուց բացի, անդրկովկասյան բարձրագույն դպրոցը տալիս ՝ այնպիսի աշխատակիցներ, որոնք կարող են աշխատել Անդրկովկասի բոլոր շրջաններում։ Այդպիսի բարձր դպրոցի ներսում ուսանողությունը ստանում է և՛ գիտություն, և՛ կռում ու կոփվում, որպես խորհրդային դպրոցի սան՝ միջազգային ոգով։