Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնացած անասունների համար (հաշվելով նոր ավելացողները)։ Եվ ինչպես էլ լինի, այդ չափի կեր պիտի պատրաստել, իսկ խոտառատ վայրերում պետք է կեր պատրաստել նաև վաճառքի համար։

Խոտհնձի կամպանիայի հաջողությունը մեծ չափով կախված է խոտը ժամանակին հնձելուց։ Ուշ հնձած խոտը կորցնում է իր սննդարար հատկությունը: Դրա համար էլ խոտհնձի աշխատանքները պիտի կատարել ժամանակին և արագ։ Իսկ դա կարելի է անել այն դեպքում, եթե ամեն մի կոլտնտեսություն մինչև խոտհունձն ընկնելը պատրաստի բոլոր անհրաժեշտ գործիքներն ու մեքենաները և կազմի աշխատանքի մանրամասն ծրագիրը։

Աշխատանքի ծրագիրը կազմելիս՝ նախ պիտի հաշվի առնել, թե որքա՞ն աշխատող ձեռք կա, որքա՞ն ժամանակում կարելի է վերջացնել խոտհունձը։ Ապա խոտհարքները պետք է բաժանել մասերի և ամեն մի մասի համար նշանակել անհրաժեշտ չափով բանվորների բրիգադ, գործիքներ, մեքենաներ, ձիեր և այլն։

Կարևոր խնդիր է և գործիքների հարցը։ Մինչև խոտհունձն սկսելը պետք է պատրաստել, վերանորոգել եղած բոլոր գործիքները, պակասը լրացնել, որպեսզի խոտհնձի եռուն օրերին դեսուդեն չընկնեն: Դաշտ գնացող բանվորները չպիտի մոռանան իրենց հետ տանել անհրաժեշտ գործիքներ, փոքրիկ փչացումները նորոգելու համար։

Խոտհնձի ժամանակ մեծ նշանակություն ունի նաև աշխատողների սննդի կազմակերպումը։ Հայտնի է, որ հաճախ խոտհարքները բնակավայրերից բավական հեռու են լինում, և խոտհնձի գնացող բանվորները հաճախ շաբաթներով տուն չեն վերադառնում, մինչև որ վերջացնեն աշխատանքը։ Նրանց սննդի հարցը կազմակերպելը կոլտնտեսության կարևոր խնդիրներից մեկն է։ Աշխատանքի ծրագիրը կազմելիս՝ պետք է նկատի ունենալ և այս հանգամանքը և միջոցներ մշակել, որպեսզի խոտհնձի գնացած կոլանդամները կանոնավոր սնունդ ստանան, չմնան չորուցամաք հացի հույսին։

Խոտհնձի ծրագիրը պետք է մանրամասնորեն քննության առնել արտադրական խորհրդակցություններում և այնպես անել, որ ամեն մի կոլանդամ շատ լավ իմանա այդ ծրագիրն ու իր անմիջական անելիքը: