Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես անում են ոմանք, այլ մասնակցելով տեխնիկական խնդիրների լուծմանը։

Դեռ տասը տարի առաջ բոլշևիկյան կուսակցությունը տվել էր այս լոզունգը․ «Գործի տեխնիկային չմիջամտենք, սովորեցեք արտադրության ղեկավարման գործը, որպեսզի հետո, մեզ նվիրված մասնագետների հետ միասին, դառնանք արտադրության իսկական ղեկավարներ, գործի իսկական տերեր»։

Այս լոզունգի վերջի մասը մոռացության է տրվել։ Շատ հեշտ էր առաջին մասը՝ «սովորեցեք արտադրության ղեկավարման գործը», որովհետև այդ նշանակում էր միայն թուղթ ստորագրել։

Ընկ. Ստալինը շեշտում է, որ մենք հանցավոր ենք վնասարարությունն այդ չափերի հասցնելու մեջ։

Իհարկե, վնասարարության հիմքում դասակարգային պայքարն է, որ մեր հաղթություններին թշնամին պատասխանում է ամեն տեսակի միջոցներով։

Սակայն ճիշտ է և այն, որ մեր տնտեսավարները տեխնիկական հարցերում բավական ետ են մնացել, որից մեծ չափով օգտվում է դասակարգային թշնամին։

Ուրեմն՝ հարկավոր է երեսը դարձնել տեխնիկայի կողմը, տեխնիկական գիտությունները տիրապետել, տեխնիկան հասցնել մասսաներին։

Այդ դժվարին գործը լուծելու համար հարկավոր է ունենալ միայն բոլշևիկյան համառ ցանկություն։

Գյուղատնտեսական տեխնիկան կոլխոզներին

Խնդիրը միայն ֆաբրիկայի կամ գործարանի դիրեկտիվներին չի վերաբերում։ Տեխնիկային պիտի տիրապետեն բոլոր նրանք, որոնք տոկունությամբ աշխատում են սոցիալիզմի հիմքի կառուցման գործում։

Տեխնիկան՝ մասսաներին։ Այդ նշանակում է գյուղատնտեսության ասպարիզում տիրապետել այն բոլոր ձևերին, որոնք կապիտալիստական առաջավոր երկրներում բարձր բերք են ստանում։

Տրակտորից մինչև հողի մշակության հիմնական գիտելիքները, անասունների ռացիոնալ կերակրումից մինչև կաթնամթերքի վերամշակման գործը, կոմբայնից մինչև ընտիր տեսակի սերմացու պատրաստելու դժվարին աշխատանքը, պարզ հաշվապահությունից մինչև կապիտալիստական առաջավոր երկրի խոշոր տնտեսության հաշվառման գործը։