Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա մեր դժվարին խնդիրները տեխնիկային տիրապետելու ասպարիզում։

Այս տարի խորհրդային դաշտերն են դուրս գալիս 120 հազար տրակտոր, բայց մենք այժմ արդեն որակյալ տրակտորիստի կարիք ենք զգում։ Իսկ ունե՞նք կաթի և պանրի վարպետներ։ Հողի պարարտացման տեխնիկային տիրապետած կոլխոզնիկներ, սերմազտիչի, շարքացանի և ուրիշ, ավելի հասարակ մեքենաների մասնագետ աշխատակիցներ մեր կոլխոզներում, խորհրդային տնտեսություններում, մեր գյուղերում։

Պարզ հաշվապահությունը բացակայում է շատ կոլխոզներում։ Մեր կոլեկտիվների 2֊րդ համագումարում երեք պատգամավորներից երկուսը գանգատվում էին, որ հաշվապահ չկա, պահանջում էին հաշվապահ:

Կոլխոզնիկը պիտի սովորի տրակտորին, շարքացանին, սերմազտիչին և մյուս գյուղատնտեսական մեքենաներին տիրապետել։ Նա ո՛չ միայն պիտի բանեցնի, այլ կարողանա նորոգել, իսկ դրա համար նա պիտի մեքենայի կազմն իմանա։

Տեխնիկային տիրապետելն ապահովում է բերքը

Շատ հազվագյուտ դեպքում են լրիվ բեռնվածություն ստանում մեզ մոտ գյուղատնտեսական գործիքները և մեքենաները։ Ոչ մի սերմազտիշ մինչև այժմ չի կատարել իր նորման, այսինքն՝ չի զտել 12 հազար փութ սերմացու մի տարում։ Եթե մի տեղ կատարել են այդ չափի զտում, ուրեմն՝ գործադրել են երկու մեքենա, նույնիսկ ավելին։

Նույնը և մյուս մեքենաները։ Անցյալ տարի ստացվեց խուրձ կապող 25 մեքենա, բայց նրանցից ոչ մեկը չաշխատեց, որովհետև չինովնիկական վերաբերմունքի հետևանքով մեքենաներն ուշ ստացվեցին, և հետո մեքենայի վրա աշխատող չկար, ոչ ոք չգիտեր բանեցնելը։

Երբ մեքենաները եկան, Հողժողկոմատը նոր միայն սկսեց կադրեր պատրաստել։ Իսկ այդ մեքենաները բարդ են. նրանցից յուրաքանչյուրը օրեկան 50 հնձվորի աշխատանք է կատարում։ Բայց արդեն տարածված մեքենաներն էլ մենք լավ չենք բանեցնում։ Անդրկովկասյան խորհուրդների համագումարում[1] և թե Անդրերկկոմի նամակի մեջ շատ որոշակի շեշտված է, որ բամբակի միջին բերքի չափը ավելի ցածր է, քան ունեցած հնարավորություններն են թելադրում։

  1. 2