Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայաստանում միջին բերքը եղել է 55 փութ մի հեկտարից, այնինչ նույն մեքենայով, նույն պարարտացման նյութերով, նույն հողից կարելի է և պետք է ավելի շատ բերք ստանալ։

Ղուրդուղուլու Քյարիմարխ[1] գյուղացի ընկ. Մաշադի Միրզան անցյալ տարի 73 լտրից պետությանն է հանձնել 200 փութ բամբակ։ Նրա ստացած բերքը համարյա կրկնակի ավելի է մեր միջինից։ Այդ բարձր բերքին նա հասել է բացառապես լավ խնամքի հետևանքով։

Ուրեմն՝ կարելի է բերքը կրկնապատկել, եթե խնամքը լավ լինի: Իսկ խնամքը ձեռք է բերվում գյուղատնտեսական գիտելիքների յուրացումով, տեխնիկային տիրապետելով, գործադրելով այն, ինչ ուրիշները ձեռք են բերել տարիների փորձի հետևանքով։

Կարող են ասել, թե ընկեր Մաշադի Միրզան ոչ մի տեխնիկայից էլ տեղեկություն չունի, լավ «բեջարել» է, և «բախտը բանել է»։ Առաջինը հեշտ է, այսինքն՝ լավ «բեջարելը» բերքը բարձրացնում է, բայց երկրորդը՝ բախտը բանելու մասին, գիտության հետ ոչ մի առնչություն չունեցող պառավական զրույցներ են։

Հարկավոր է, որ նրա նման «բեջարեն» մեր ամբողջ կոլխոզները, այն ժամանակ նրանց կրկնակի բերքը ավելի կհզորացնի հենց իրենց՝ կոլխոզներին, իսպառ կփշրի դասակարգային թշնամուն և, միևնույն ժամանակ, ավելի արագ կհարստացնի իր տնտեսությունը բարդ մեքենաներով, որոնք, իրենց հերթին, կբարձրացնեն ցանքի բերքատվությունը։

Ընկ. Ստալինը իր ճառում հիշեցրել է, որ Խորհրդային Միությունը մի հարվածային բրիգադ է ամբողջ աշխարհի պրոլետարիատի համար։

Կապիտալիստական երկրների բանվորությունը, իմպերիալիստների լծի տակ ճնշված գաղութների գյուղացիությունը հենց իրենց աչքերը ուղղել են մեր երկրի սոցիալիստական շինարարության։

Մեր աշխատանքը նրանց ոգևորում է, մեր փորձը նրանց համոզում է, որ Հոկտեմբերյան հեղափոխության ցույց տված ճանապարհը միակն է բոլոր երկրների համար։

Մենք պիտի կրկնապատկենք մեր եռանդուն աշխատանքը, հասնենք և անցնենք կապիտալիստական առաջավոր երկրների տեխնիկային, որպեսզի ընդմիշտ ապահովենք մեր վերջնական հաղթանակը։

Տեխնիկային տիրապետելը դժվար գործ է, բայց բոլշևիկյան կուսակցությունը ավելի դժվար խնդիրներ է լուծել և ապացուցել, որ բոլշևիկների համար անիրագործելի ոչինչ չկա։

  1. 3