Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոշումներ է հանել, որ ապահովում են այդ տնտեսությունների արագ աճումն։

Մեր անասնաբուծությունը

Իսկ ի՞նչ դրություն է մեզանում։

Պարզ պետք է ասենք, որ անասնաբուծության ընդհանուր արտադրանքի տոկոսը վերջին տարիներս բարձրանալու փոխարեն իջնում է։

Գյուղատնտեսության ամբողջ արտադրանքի հետ համեմատած՝ անասնաբուծության արտադրանքը կազմում էր 1929 թ. 40,4 տոկոս, 30 թ.՝ 37,8, իսկ այս 31 թվին, նախագծված է հասցնել 32,2 տոկոսի։

Ճիշտ է, մեր անասնապահությունը ընդհանուր առմամբ զարգանում է, բայց գյուղատնտեսության մյուս ճյուղերը, մանավանդ տեխնիկական բույսերը և հացահատիկները, այնպիսի թափով են զարգանում, որ անասնապահության արտադրանքի տոկոսը ո՛չ միայն նրանց զուգընթաց չի բարձրանում, այլև տարեցտարի ընկնում է։

Անասնապահության ասպարիզում ևս դասակարգային թշնամին, առաջին հերթին կուլակը, գործադրում է բոլոր միջոցները՝ վիժեցնելու մեր պլանները, քանդելու անասնապահական կոլխոզները, դեզերը վառելով, անասունները մորթելով և հազարումի կուլակային պրոպագանդի ձևերով։

Ինչպես հացի պրոբլեմը լուծելիս կուսակցությունը փշրեց կուլակի և նրա դաշնակիցների աջ ու «ձախ» օպորտունիստների դիմադրությունը, այնպես էլ այս ասպարիզում բոլշևիկյան տոկունությամբ մենք կհասնենք պլանի կատարման բարձր տոկոսների։

Մեր բամբակացան գյուղացին գիտե, որ այս տարի ցանելու է 25 հազար հեկտար բամբակ։ Նրան հայտնի է և բամբակի միջին բերքը՝ մի հեկտարից 11 ցենտներ։

Իսկ անասնապահը, դժբախտաբար, մինչև այսօր չգիտե, թե ի՞նչ չափի պիտի հասցնի կովի կաթնատվությունը, ո՞րը պիտի զարգացնի, մեր ռայոններից ո՞րը անասնապահության ի՞նչ ճյուղը պիտի զարգացնի և այլն։

Այս հարցերով թե՛ Հողժողկոմատը և թե՛ Կոլխոզկենտրոնը մասամբ են զբաղվել։ Մինչև այժմ նրանց ուշադրության կենտրոնը եղել է բամբակագործությունն ու հացահատիկները։