Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1. <ԶԵԿՈՒՑԱԳԻՐ ԶԱՆԳԵԶՈԻՐԻ ՈԻՍՈԻՑԻՉՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ>

Զանգեզուրի ուսուցիչների համար Զանգգավառի լուսբաժնի կազմակերպած դասընթացքներում ընդհանուր գյուղատնտեսության և բանջարաբուծության մասին եղած դասախոսությունները սկսվել են օգոստ. 13֊ից, հենց բացման առաջին օրը։

Այդ երկու առարկաներն ավանդվել են ընդամենը 52 ժամվա ընթացքում, կենտրոնից ստացված ծրագրի համեմատ, նաև այն փոփոխություններով, որ ես հարմար եմ համարել, ի նկատ առնելով մեր գավառի պայմանները։ Ծրագրից դուրս 3 ժամ դասախոսել եմ Զանգ․ գավառի գյուղատնտեսության և նրա բարձրացման հեռանկարների մասին։ Դասախոսության ընթացքում ավանդվել է ընդհ. երկրագործության հիմունքները շատ տարրական ձևով, ապա նաև շատ հարակից տեղեկություններ, որ անհրաժեշտ էր նյութն ըմբռնելու համար։ Ծանոթանալով հողի և բույսի կենսական օրենքներին, նոցա հատկության, հողի մշակման, ցանքաշրջանի, սերմացվի նախնական քննության, երկրագործական մեքենաների, բույսերի հիվանդությունների և նման շատ էլեմենտար գիտելիքների հետ, ես միշտ աշխատել <եմ> տեղական բնույթ ունեցող օրինակներով պարզել և մատչելի դարձնել ունկնդիրներին։ Առանձին ուշադրություն դարձրել եմ սորտերի ուսումնասիրության, լավացման անհրաժեշտության վրա, նաև ցանքաշրջանի, որովհետև այդ երկուսը մեր գավառի երկրագործության ամենահրատապ խնդիրներն են։

Յուրաքանչյուր բաժին անցնելուց հետո ունկնդիրների հարցաքննությամբ կրկնել ենք անցածը։ Բացի այդ՝ հատկացվել են առանձին ժամեր հարցերի համար, երբ յուրաքանչյուրն յուր փորձից կամ յուր շրջանի վերաբերյալ հարցերի պարզաբանությունն է ստացել։