Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և գույքի մասին։ Իսկ անհայտացման մասին Տուրկեստանովը գրում է. «Նրա բացակայման զուգորդվող հանգամանքների մասին ինձ ոչինչ հայտնի չի»[1]։ Մենք հետո կծանոթանանք արդարադատության մինիստրի այն գաղտնի հրահանգին, որին իրազեկ էր Երևանի գավառական ադմինիստրացիան հենց այն ժամանակ, այսինքն՝ մայիսի կեսերին։ Այդ հրահանգը բխում էր ռուս կառավարության վախից՝ 1843 թվի փետրվար-ապրիլ ամիսներին Արևմտյան Եվրոպայում բռնկված հեղափոխության հնարավոր արձագանքները կանխելու համար։ Գաղտնի հրահանգը պատվիրում էր առանձին հսկողություն ունենալ պետական գանձարանների գույքի և, առհասարակ, արքունի գույքի ու դրամի վրա։ Ստանալով այդ հրահանգը՝ ոստիկանապետ Մորոխովեցը մի անգամ ևս գավառական դպրոցի տեսուչ Տուրկեստանովից հարցնում է Աբովյանի կողմից արքունի գումար կամ գույք վատնելու մասին, թեև, ինչպես պատասխանել է Տուրկեստանովը, այս խնդիրը դեռ ապրիլի 6-ին հատուկ արձանագրությամբ պարզել է նույն Մորոխովեցը։ Ոստիկանապետի մայիսի 17-ի հարցումը սոսկ ձևական բնույթ չուներ, ինչպես կարող են ենթադրել Աբովյանի և Երևանի գավառական ադմինիստրացիայի գլխավորների հարաբերություններին անտեղյակ անձինք։ Հենց խնդիրն էլ այն էր, որ այդ լարված, կարելի է ասել, հալածող վերաբերմունքի հետևանքով, որ Աբովյանի հանդեպ ունեին մանավանդ գավառապետ Նիկ. Բլավատցկին և ոստիկանապետ Մորոխովեցը,— վերջիններս կամենում էին որևէ հիմք գտնել, ըստ այդ հրահանգի, իսպառ վարկաբեկելու իրենց անձնական հակառակորդին և արգիլելու նրա դեռ հնարավոր վերադարձը[2]։

Դեպուտատ Ստ. Վեքիլովը, որը ամառվա ամիսներին փոխարինում էր տեսուչ Տուրկեստնովին, Անդրկովկասյան դպրոցների դիրեկտորին հունիսի 24-ին ռապորտով հայտնում է, որ «քննությունը չպարզեց, թե ո՞ւր է (ո՞րտեղ է) կորել պ. Աբովյանը»։ Նույն գրության մեջ Վեքիլովր Աբովյանի մասին արտահայտվում է իբրև «անհայտ կորած» մարդ և տեղեկացնում է, որ ոստիկանապետը գործը ավարտել է և ներկայացրել ըստ պատկանելույն[3]։

Սակայն քննությունը սրանով չի վերջանում, ավելի ճիշտ՝ ավարտվում է միայն նախնական քննությունը։ Գործը ուղարկվում է, հավանորեն, քաղաքացիական և քրեական գործերի դատական պալատի տնօրինության։ Նոր փաստաթղթերը հաստատում են, որ Աբովյանի

  1. 19
  2. 20
  3. 21