Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏ<ՐՈՆԱԿԱՆ> ԿՈՄԻՏԵԻՆ

ՀՕԿ-ի 3-րդ համագ<ումարի>
Խարկովի պատգամավոր
Աղեքսանդր Բակունցից

Զեկուցում

ՀՕԿ-ի Խարկովի ճյուղը կազմակերպվել է սույն թվի մայիսի վերջերին, գաղութի մի քանի անձանց նախաձեռնությամբ։ Կոմիտեն ավելի լրիվ և օրինական ձև ստացավ միայն այն ժամանակ, երբ պատշաճ վկայաթուղթով Խարկով եկավ Մոսկվայի կոմիտեի ներկայացուցիչ ընկ. Միրզոյանը, որպես լիազոր-անդամ Մոսկվայի կոմիտեի։

Կոմիտեն կազմակերպելու համար հարկ եղավ գումարել գաղութի ընդհանուր ժողով, հունիս 3-ին, ուր ընտրվեց Խարկովի ճյուղը հետևյալ կազմով․ կոմիտեի նախագահ՝ պրոֆ. Ս. Սուրուկչի, քարտուղար՝ Աղեքսանդր Բակունց (գյուղատնտես), գանձապահ՝ Հ. Ավդալյան (իրավաբան), անդամներ՝ բժ. Խաչ. Սամվելյան, Գ. Տեր-Ղևոնդյան, Ս. Փաչաջի, բժ. Արտ. Մելիք-Փարսադանյան, բժ. Ս. Դատյան, բժ․ Գ. Պապյան, բժ. Մ․ Ազիզյան։

Կոմիտեի առաջին խնդիրն էր հանրացնել գաղութի մեջ ՀՕԿ֊ի գաղափարը։ Այդ նպատակով կոմիտեն կազմակերպեց դասախոսություն, ցերեկույթ և տարածեց գաղութի մեջ կոմիտեի կողմից կոչեր, նույն իմաստով։

Մոսկվայի կոմիտեի գրության համաձայն հրամայական էր առաջին հերթին աջակցություն ցույց տալ էվջիլարի («Հյուսիսաշեն») ջրանցքի կառուցման, որի ամբողջ ծախքերը հոգալու են Ռուսաստանի, Ուկրաինայի և, ընդհանրապես, ՍԽՀ Միության մեջ եղած հայությունը։ Անհապաղ կոմիտեն որոշեց անցնել հանգանակության, սակայն ի նկատի առնելով գործի հարատև ընթացքը, կոմիտեն անհրաժեշտ համարեց յուր աշխատանքին բարեգործական բնույթ չտալ, այլ ստեղծել այնպիսի մի գրություն, որ ստիպեր գաղութի յուրաքանչյուր անդամին մասնակից լինել օգնության գործին։ Դրա համար մոտ երեք շաբաթ տևեց գաղութի (Խարկովի) և շրջակա արվարձանների հայ բնակչության ցուցակը։ Այդ գործում աջակցելու հրավիրված էին Խարկովում եղած