Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կռիվ վնասատուների դեմ․ Բացի ագիտացիոն աշխատանքից, ակտիվ մասնակցություն է ցույց տված Ղափանի շրջանում մորեխի դեմ մղած կովում, ինչպես և Զանգեզուրի մի շարք գյուղերում երևացած դաշտային մկների դեմ կազմակերպած պայքարին։

Մեղվանոցի աշխատանք. Գյուղատնտեսական ենթաբաժինը հսկել է պետական մեղվանոցին, որն այժմ ենթարկված է լիկվիդացիայի։ Բացի այդ, հատկապես մեղվապահության զարգացման գործին ցույց է տրված մաքսիմում աջակցություն՝ մոմաթերթերով, զանազան իրերով և խորհուրդներով։ Զանգեզուրի գավառի ամենից հին և որակյալ մեղվաբույծը ընկ. Հ. Միրաքյանն է, որը վարել է և մեղվանոցի աշխատանքը։ Մեղվանոցը լիկվիդացիայի է ենթարկվել հողբաժնի աշխատակիցների ռոճիկները վճարելու համար։

Զանազան աշխատանքներ. Ծառատունկի կամպանիայի հաջողության ևս ցույց է տված աջակցություն։ Գորիսի II աստիճանի դպրոցի համար գյուղատնտեսի ղեկավարությամբ հիմք է դրված պտղատու ծառերի մի խոշոր այգու։ Կենտրոնից ստացած բանջարանոցների սերմերը տարածել է շրջանում. դժբախտաբար, նույն վիճակին չեն արժանացել և խոտաբույսերի սերմերը, որ ցայժմ մնում է պահեստում։ Տարածել է շրջանում մոտ 75 տուփ շերամի սերմ։ Մի շարք գրավոր և բանավոր դիմումների՝ զանազան խորհուրդների համար տրված է ներածին չափ բավարար պատասխան ու միջոց։

Մնում է մի քանի խոսք ասել և գյուղատնտեսական մեքենաների մասին:

Շրջանում վաճառված է Սակի և էբերգարտի գութաններից 17 հատ։ Այդ գութաններից վեց հատ ուղարկված է Ղափանի շրջանի գործկոմին՝ ժողովրդի մեջ տարածելու, վեց հատ հանձնված է Խնձորեսկի գյուղխորհրդին՝ գյուղում վաճառելու։ Խնձորեսկ գյուղի կոոպերատիվին տված է մի շարքացան (էլվորտի, 11 շարքանի), մի զիգզագ փոցխ և մի քամհար։ Տեղ գյուղին տված է երկու շարքացան (էլվորտի, 9 և 11 շարքանի) և երկու գութան, որոնցից մեկը չորսխոփանի է։

Ահա համառոտ մի զեկուցում 1923/24 թ. գյուղատնտեսական գործունեության մասին Զանգեզուրի գավառում։

Գյուղատնտես՝ Աղ. Բակունց

1924 թ. 16-ին նոյեմբ. Գորիս