Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

VIII. Կռիվ վնասատուների դեմ. Առաջին հերթին կռիվ դաշտային մկների դեմ. ծրագրված է ժողովրդին ծանոթացնել վնասակար միջատների, կրծողների, սունկ. և բակտերիալ հիվանդությունների և նրանց տարածման ու պայքարի միջոցների հետ։ Ծրագրված է մատակարարել բուժիչ միջոցներ, որ բավականաչափ կան տեղումս։ Մի շարք գյուղերում, ուր այս կամ այն վնասատուն հաճախ է երևում, կազմակերպել վնասատուների դեմ մղելիք աշխատանքը։

IX. Գյուղատնտեսական գիտելիքների տարածում և գյուղատնտեսական ագիտացիա. Շրջաններում գյուղական երիտասարդներից կազմել գյուղատնտեսական խմբակներ և նրանց հետ պարբերաբար ունենալ պարապմունք և գործնական աշխատանք։ Գյուղերում ձմեռվա ընթացքում կազմակերպել դասախսություններ և զրույցներ՝ զանազան թեմաների շուրջ, տեղական պայմաններին ու կարիքներին համապատասխան։ Մղել գյուղատնտեսական ագիտացիա, տեղական թերթում հոդվածներ տալով և առանձին թռուցիկներով։ Սերտ կապ հաստատել Բաքվի զանգեզուրցիների հայրենակցական միությունների հետ և նրանց միջոցով ևս աշխատել գյուղը թեքել դեպի նոր տնտեսության ձևեր։ Մոգական լապտերով զանազան նկարների ցուցադրում. օրինակելի տնտեսություններին և անհատ գյուղացիներին խրախուսել և կամ հրապարակել մամուլում։ Կոնսուլտացիա, մասնակցություն զանազան հանձնաժողովների (տուրքերը որոշող, ապահովագրման և այլն) և խորհրդակցությունների։ Հնարավորության դեպքում գումարել գյուղատնտեսական համագումար՝ գավառի կարիքներն ու թերությունները պարզելու:

X. Գյուղատնտեսական կայանի կանավորում. Մինչև այժմ գյուղատնտեսական կայան գոյություն չունի. այդ հանգամանքը ստեղծում է որոշ անհարմարություններ և խոչընդոտ է հանդիսանում գյուղատնտեսական աշխատանքների ծավալման և արագության։ Ծրագրված է հիմնել այդ կայանը և ձեռք բերել կայանի համար անհրաժեշտ կահավորում, կարգի բերել առաջուց մնացած իրերը և ձեռք բերել նորերն։ Բացի այդ, վերոհիշյալ աշխատանքների խոշոր մասն իրագործելու համար ծրագրված է անպատճառ գյուղատնտեսական կայանին կից ունենալ երկու հրահանգիչ։