Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գյուղը շատ հեշտ չի համոզվում նոր ձևին կամ հին տնտեսության փոփոխման։ Կաթնատնտեսական արտելի 70֊ի չափ անդամներին մի համոզման բերել արտել հիմնելու, մի քիչ դժվար էր։ Բայց այդ դժվարը հարթվել է. գյուղը ցանկանում է արտել ունենալ, մանավանդ որ օժտված է մի շարք հարմարություններով (ունի հարմար շինություն պանրագործարանի համար, բավականաչափ անասուն, լավ արոտատեղի այլն)։

Ես գյուղի ներկայացուցիչներին հանձնարարել եմ Երևանում հանձնաժողովիդ աջակցության դիմել։ Եթե Երիշենում պանրի գործարանը գլուխ գա (արգելք կարող է լինել միայն վարկի չստանալը), ամենից լավ ագրոպրոպագանդան արած կլինենք մեր գավառում, մանավանդ որ կան մի շարք գյուղեր, որոնք այդ ճամփին են, միայն սպասում են առաջի փորձի հաջողության։

Պանրագործարանը զարգանալու մեծ հարմարություն ունի, միայն հիմքը դնելու միջոց է հարկավոր։ Գորիսի շրջակա գյուղերում (Երիշենը ևս) այժմ կատարվում է հողաբաժանման (գյուղերի միջև) աշխատանք: Երիշենը ցանկանում է զուտ անասնապահությամբ պարապել, դրա համար էլ նա ստանալու է առավել խոտհարք և արոտատեղ։ Իսկ գավհողբաժինը ամեն կերպ աջակցում է այդ գործին։

Այս պայմաններում պանրի գործարանի հիմնումը և, ընդհանրապես, կաթնատնտեսության ասպարիզում կատարած որևէ նոր ձեռնարկություն ուժ է տալու անասնապահության ինտենսիֆիկացիային ոչ միայն Երիշենում, այլև Բռուն գյուղում, որ համարյա կից է առաջին գյուղին։ Դրա համար էլ կաթնատնտեսական արտելի և առաջին պանրագործարանի հիմնելուն աջակցելը դարձել է օրվա հրատապ պահանջ։

Զանգեզուրի գավ. գյուղատնտես՝ Ալ. Բակունց

30/XI 24, Գորիս

18. ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

1 դեկտեմբեր 1924 թ. № 63, Գորիս

Ստորև հիշատակված են այն աշխատանքները, որ կատարել եմ նոյեմբեր ամսվա ընթացքում։