Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղուդու շրջանը, որ շատ ավելի փոքր է, ներկայացնում է ապառաժոտ ձորերի մի լաբիրինթ, որոնցից մեկի խորքով շատ սրնթաց հոսում է Որոտան գետը (Բազարչայ). այստեղ է գտնվում և «Զոր֊զոր» կոչված լեռնային գետակը, որից շատ հեշտ կարելի է օգտվել այդ շրջանում ջրմուղ էլեկտրակայան հիմնելու: Աղուդու շրջանն ընկնում է ավելի հարավ, կլիման բուն Սիսիանից ավելի մեղմ է:

Դարաբասի ձորը համեմատաբար փոքր է: Ձորով հոսում է մի փոքրիկ, սառնորակ գետակ, որ սկիզբ է առնում Քիրս լեռներից։ Ձորի մեջ իրարուց 1—4 վ. հեռավորության վրա գտնվում են Դարաբաս, Գետաթաղ, Լոր և Շնաթաղ գյուղերը։ Համեմատած Աղուդոձ ձորերի հետ, Դարաբասի ձորը պակաս ապառաժոտ է և հարմա՝ մշակության համար:

Սիսիանի լեռները հանքերով հարուստ չեն. արճճի հետքեր կան Մազրա գյուղի մոտ, պղնձի՝ Մազրա, Շյուքար և Ալեշար գյուղերի մոտ։ Շյուքարի մոտ գտնված Գյոյ Բուլաղ կոչված ձորակում կա քարածուխի հանք, իսկ Բազարչայում՝ կավահանք։ Այս հանքերը չեն շահագործվում. պատերազմից առաջ աշխատում էր Բազարչայի բրուտանոցը, որի համար գյուղացիք օգտվում էին Գյոյ Բուլաղի քարածուխից։

Սիսիանի համարյա թե մեջտեղով հոսում է Բազարչայ կամ Որոտան գետը, որ սկիզբ է առնում Դարալագյազի Դևե գյուլ լեռներից: Գետն աջ կողմից ընդունում է Այրիչայ, Ուլոչայ, Դալիչայ և Արիքլուի գետակները, ձախից՝ Բուղուրչայ, Ղալաջղի և Շաքվի գետակները։ Բազարչայը ձկնառատ է. կա երկու տեսակ ձուկ՝ կապույտ ձուկ և կարմրախայտ (ֆարել), որ մեծ գին ունի տեղացիների համար։ Կարմրախայտն առատ է գետի վերին մասերում։

Սիսիանն աղքատ է հանքային ջրերով։ Տուլորս գյուղի մոտ կա մի ակն՝ որին տեղացիք «Շոր ջուր» են ասում։ Ախլաթյանի մոտ կան ածխաթթվուտով հարուստ աղբյուրներ։ Մուխորթուրյան լեռան վրա կա ծծմբաջրի մի մեծ, տաք աղբյուր։ Ինչպես հանքերը, նույնպես և հանքային ջրերը, շատ սակավ դեպքում են արժանացել ուսումնասիրման։

Չնայած գետի ջրի առատության, Սիսիանի գյուղացիք շատ քիչ են օգտվում Բազարչայից՝ իրենց հողերը ջրելու համար։ Այդ պիտի բացատրել նրանով, որ գյուղերը սարալանջի վրա են, ջուրը դժվար է բարձրացնել։ Բազարչայ գյուղը գետից ամենևին չի օգտվում։ Գետի ձախ կողմն ընկած են բազմաթիվ աղբյուրներ, որոնցով ոռոգում են խոտհարի տեղերը։ Բազարչայ գետի աջ ափին ընկած գյուղերը ջրի ավելի կարիք