Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տափարակ և ցածր դիրք ունեցող հողերը ավելի հարգ ունեն, որովհետև պիտանի հողի շերտը խոր է. այդպիսի հողերը հարուստ են հեղեղների շնորհիվ շրջակա լեոներից ներքև իջած պարարտ հողեոով։ Լեռների կամ թեք լանջերի հողի խորությունը շատ քիչ է. տեղ֊տեղ երևում է հիմնական լեռնային տեսակը, որին ժողովուրդը «քերծ» կամ «արտաշ» է ասում։ «Արտաշ» հողերը հարուստ են կրային մասերով և ունեն շատ առանձնահատուկ գույն։ Իրենց գյուղատնտեսական պիտանիությամբ նոքա հետ են մնում «բոզ հող» կոչված ավազոտ հողերից, որոնք համեմատաբար ավելի հաստ շերտ են կազմում (տեղ֊տեղ մինչև 12 վերշոկ խորություն) և ավելի շատ են տարածված։

Այդ «բոզ» հողերից պիտի տարբերել «ղում» կամ «ղումլուղ» հողերը (Ուզ), որոնց մեջ ավազի քանակը 65 %-ից ավել է։ Այդպիսի «ղում» հողերը շուտ են չորանում, ճաքոցներ չեն կազմում ոչ ամառվա և ոչ ձմեռվա ընթացքում, շատ ջուր են պահանջում և շուտ էլ չորանում։

Բացի այդ հողերից, կան և կավահողեր, որոնց ժողովուրդն անվանում է «մսահող». այդ հողերի խորությունը շատ չէ, 2—6 վերշոկ, տեղ֊տեղ մսահողն ընկած է շատ բարակ շերտով։ Չորային ամսվա ընթացքում ամենից շատ ճեղքվածքներ տալիս են այդպիսի կավային հողերը։ Պատահում է, որ «մսահողը» ճաքճքում է և ձմեռվա ցրտին, մանավանդ այն ժամանակ, երբ «չոր» ցուրտ է։ Պետք է հիշել և սևահողը, որ, ճիշտ է, շատ քիչ տարածություն է բռնում, բայց մեծ հարգ ունի։ Սևահողով հարուստ է Ուչ Թափայի սարահարթը, որտեղ պատահում են և խամհատ (երբեք չվարված) հողեր։ Այդ հողերում մշակում են ավելի շատ «հլածուկ» (сурепка): Այդ սարահարթի սևահողի կազմվածքը (ստրուկտուրան) շատ բնորոշ է. տեղական անունով այդպիսի սևահողերը կոչվում են «բրինձ հողեր», իրանց մանր հատիկների շնորհիվ. մի քիչ ավելի մեծ հատիկավոր հողերին անվանում են «չամիչ» հողեր։ Կավահողերը և սևահողերը տալիս են «քյասակներ» (комки) և ճեղքվածքներ, որ տեղ֊տեղ ահռելի խորության է հասնում («ձին թաղվում է», ինչպես ասում է ժողովուրդը)։ Սիսիանում փոշիացած հող չկա։ Դարաբասի ձորում պատահում են «կարմիր հողեր», որոնք իրենց կազմի մեջ մեծ քանակությամբ կավ ունեն. «կարմիր հողերը» ևս ճաքճքում են, վարելիս տալիս «քյասակներ»։ Սևահողերից հետո գնահատելի են «մսահողն» ու «բոզ հողը», Դարաբասի ձորում՝ «կարմիր հողերը». «արտաշ» հողերը համարվում են ամենից վատ հողը։