Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լավ բերքն ապահոված է այն տարիներում, երբ աշունն անձրևոտ է լինում: Շրջանի հողերի մեծ մասը «բող» և «ղում» հողեր են, որոնք հարուստ են ավազով. դրա համար էլ գարնան տեղացող անձրևները ամենևին չեն վնասում աշնանացանին և նպաստում են գարնանացանին: Ընդհանրապես, գյուղատնտեսական տարվա հաջողությունը կախված է տարեսկզբից՝ խոնավ կամ չորային աշունից։

Սիսիանում հողերը աղբով չեն պարարտացնում։ Փայտ չունենալու պատճառով՝ աղբը գործ է ածվում, որպես վառելիք։ Ամբողջ շրջանում չկա և ոչ մի թիզ անտառ, իսկ փայտաշատ Ղափանը շատ է հեռու: Բացառություն է կազմում Դարաբասի ձորն ու Որոտն գյուղը, որոնք այգիներից քիչ քանակությամբ փայտ են ստանում. այդ նրանց հնարավորություն է տալիս աղբել մոտական հողերը։ Մոխիրը շատ քիչ դեպքերում են լեցնում այն «սաժենանոց» բանջարանոցները, որից հազիվ է օգուտ վերցնում գյուղացին։

Ավելորդ մոխիրը լեցնում են կտուրների վրա, որպեսզի քամին տանի. մի թեթև քամի հերիք է, որ լիզե կտուրները և փռի ամբողջ դաշտով։ Ով գիտե, գուցե «մսխալով» պարարտացման այս ձևը Քսենոֆոնտի ժամանակից է մնացել[1]: Հանքային պարարտացումը մի հեքիաթ է դեռ, որի լսելը առաջ է բերում միայն հորանջոց։ Այս պայմաներում, իհարկե, միակ միջոցը մնում է ցանքաշրջանի և պտղափոխության կազմակերպումը՝ հատկապես ցանովի խոտաբույսերի և արմատապտուղների մշակույթը մեջառյալ։ Այդ իր հերթին կնպաստի անասնապահության զարգացման։ Ավելորդ կերը կստիպի գյուղացուն մի կով էլ պահել և կամ մի քիչ յուղ ու պանիր ավել գործածել, հենց իր ընտանիքի կարիքների համար։

Սիսանում գոյություն չունի երկրագործության որոշ սիստեմ։ Այդ հանգամանքը, ինչպես և միատեսակ կուլտուրան ու պարարտացման բացակայությունը, հողերը միանգամից ուժասպառ են արել։ Այն բազմաթիվ ձևերի մեջ, որ կան շրջանում, գերակշռում է մի հիմնական ձև՝ մի տարի բերք ստանալուց հետո մի կամ մի քանի տարի այդ հողը մնում է անմշակ, աճում են զանազան մոլախոտեր, առաջին տարին փուշի զանազան տեսակներ, մինչև որ հողը հասնում է, նորից ցորեն կամ գարի մշակելու համար։ Հազվագյուտ են դեպքեր, երբ երկու կամ երեք տարի իրար վրա ցանում են ցորեն, այդ հողերը սովորաբար յոնջայի տեղեր են։

  1. 2