Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արոր ունի, այնինչ գյուղ կա, որ իր օրում երկաթի գութանի երես չի տեսել (Շնաթաղ)։ Գյուղատնտեսական հետամնացության ռեկորդն է այս, երկրագործական տեխնիկայի ասպարիզում։

Հացաբույսերի 90 % ավելի մշակում են անջրդի հողերում, շատ քիչ դեպքերում՝ ջրովի տեղ (հաճար և ցորեն)։ Հաճարը ջրում են 3 — 4 անգամ (Ղարաքիլիսե)։ Ջրում են թե աշնան ցորենը (Վաղուդի) և թե գարնան ցորենը (Ղարաքիլիսե)։ Ջրելու տեխնիկան շատ պարզ է. «մարկոս» չկա, արտի լայնքով անցնում են մի քանի թեք առուներ («կորի»), որոնցով ջուրը ոռոգում է արտի զանազան մասերը։

Շրջանի ցորենը կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ աշնան և գարնան ցորեն. յուրաքանչյուր խմբի մեջ կան բազմաթիվ տեսակներ[1], որոնք բաժանվում են իրարից հասկի և հատիկի զանազան հատկություններով։ Կան տեսակներ, որոնք ավելի քիչ են հիվանդանում «մորից» ու «ժանգից»։ Նույն բազմատեսակությունը կա և չավդարի համար։ Սակայն եղած բոլոր տեղական տեսակները կարոտ են գիտական մանրազնին լուսաբանության։ Միայն վերջերս, առայժմ քիչ քանակությամբ, տարածվում են դրսից բերած տեսակներ, որոնցից հարգի է «կամչատկա» ցորենը։ Շրջանի մի քանի գյուղերում 1924 թ. աշնան գյուղացիներին տրված է Հրաշալի ցորենի նմուշներ՝ մշակման համար։

Տեսակների կողմից հարուստ է գարին։ Երեք տեսակ գարի է մշակվում՝ «ղլիջ» (երկշար գարի), «թոփբաշ» կամ «շաշպար» (բազմաշար) և «տկլոր» (անքիստ գարի)։ Ամենից շատ տարածված է «ղլիջ» գարին, որ շատ տեղ առանձին անուն չունի, այլ կոչվում է տեղական։ «Ղլիջ» գարու հատիկները շատ հեշտությամբ ջոկվում են «տկլորից» և «թոփբաշից», այնինչ այս վերջին երկուսը իրարից ջոկվում են ավելի շուտ հասկերով։

Շատերը ցանում են մաքուր տեսակներ (մանավանդ «ղլիջ»), իսկ ոմանք խառնում «ղլիջին» «թոփբաշ» կամ «տկլոր» գարի։ Հաճարն ունի շատ տեսակներ, բայց դոքա առանձին անուն չունեն և իրարից շատ քիչ են տարբերվում։

Հունձը սկսվում է հուլիսի կեսերից և տևում է մինչև օգոստոս. հունձին հաջորդում է կալը։ Ցորենը ծեծում են կամնով։ Կամնը մի հաստ տախտակ է, մի քիչ սուր և բարձր քթով, ունի կապը գցելու հարմարություն։ Տախտակի ներքին երեսին տեղավորված են մանր սրածայր և պինդ

  1. 3