Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գարնան սկզբին։ Ցրտից շատ տարի ծառերը վաղահաս ծաղկաթափ են լինում։ Շուտ եկող ձյունը (երբ ծառերը դեռ տերևաթափ չեն եղել) ջարդում է ահագին քանակությամբ ծառեր ու ճյուղեր։ 1924 թ. հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ այդպիսի մի դեպք. ամբողջ այգիները ներկայացնում էին ջարդված ծառերի և ճյուղերի անկարգ խառնուրդ։ Թրթուրը ևս վնասում է։

Գյուղացիք ոչ մի միջոց ձեռք չեն առնում ծառերը պաշտպանելու կամ խնամելու։ Ճյուղեր կտրելը, ծառի տակը փորելը կամ այլ անհրաժեշտ և օգտակար ձևեր անծանոթ են ձորեցուն։ Պտուղների պահպանությունը ևս սովորական է. դրա համար էլ երկար չեն դիմանում, ամբարում փտում են։ Գյուղացիք ծանոթ չեն միրգ չորացնելու հետ։ Եղած բերքը շատ աժան, համարյա ձրի տանում են քոչվորներն ու հարևան գյուղերը։ Առատ տարիներին, երբ յուրաքանչյուր ձորեցի հարյուրավոր փութերով տանձ ու խնձոր ունի, Դարաբասի ձորը ներկայացնում է ամենօրյա մի տոնավաճառ։ Ամեն գյուղից շտապում են այնտեղ խնձոր կամ տանձ գնելու։ Շատ անգամ խնձորով փոխում են ամեն ինչ՝ թի կամ բահի կոթ, ցախավել ու տախտակ, նույնիսկ շուն։

Մեղվապահությունը արդյունաբերական նշանակություն չունի։ Ամբողջ շրջանում միայն մի քանի տնտեսություններ կան, որոնք մեղր են վաճառում։ Մյուսները հազիվ են իրենց պետքին բավարարում։ Բազարչայում մեղվապահությամբ չեն պարապում.այդ բանին խանգարում է երկարատև ձմեռը և ուժեղ քամիները։

Մեղվապահության զարգացման խանգարում է ցանովի խոտաբույսերի (մանավանդ կորնգայի) պակասելը։ Վերջին տարիներում ցանովի խոտաբույսերի հետ սկսում է աճել և մեղվապահությունը։ Մի քանի գյուղերում մեղվապահության զարգացման խանգարում են սարերի հեռավորությունը։ Մեծ մասը փեթակ է (քթոց, ծեփած աթարով կամ ցեխով), քիչ մասը՝ շրջանակավոր արկղ (շատ է Դադանի արկղը)։ Արկղները պատրաստում են տեղում՝ բարդուց։ Ծառի պակաս կա, դրսից բերած արկղն ավելի ձեռնտու է նստում։ Մեղվապահությամբ շատ են պարապում Ախլաթյան գյուղում (150 փեթակ, 100 արկղ), Դարաբասի ձորում (280 փեթակ, 60 արկղ)։ Շրջանում, մանավանդ Դարաբասի ձորում, պատահում են և վայրի մեղրաճանճի բներ՝ բնական փեթակներ ծառի փչակում։