Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիսիանի ուժեղ քամիները մասամբ խանգարում են մեղվապահության արագ զարգացման։ Ժողովուրդը ծանոթ չէ օրինակելի մեղվապահության. շրջանում կա միայն մի ցենտրոֆուգ, մեծ կարիք կա մոմաթերթ պատրաստող մեքենայի։ Պատահում են զանազան հիվանդություններ, եղել են փտախտի դեպքեր։ Մեղու պահողները այդ հիվանդությունների դեմ պայքարելու հատուկ միջոցներ չեն ընձեռում։

Լավ փեթակը հաջող տարին տալիս է մինչև երեք փութ մեղր, միջակը՝ մեկ փութ, վատը՝ քսան ֆունտ։ Սովորաբար բերքը շատ ավելի պակաս է լինում։ Սիսիանի «Պայքար» վարկային ընկերությունը որոշել է զարկ տալ մեղվապահության, շրջանի համար դրսից բերել լավ փեթակներ։ Այդ ուղղությամբ կատարած յուրաքանչյուր քայլի հաջողությունն ապահոված է, հարկավոր է միայն գործի անցնել։

Սիսիանի շրջանում չկան բնական խոտհարքներ. խոտհարքը՝ կորնգան ու յոնջան է։ Բազարչայում կա բնական խոտհարք, գետի երկու ափին։ Յուրաքանչյուր գյուղ ունի յուր արոտատեղին («յայլաղ»)։ Արոտատեղիները ընկած են շատ հեռու, 2-ից մինչև 9 վերստ տարածության վրա։ Արոտատեղիների մեծ մասը քարոտ են, շատ տեղերում ամառվա ընթացքում զգալի է ջրի պակաս։ Տավարը ստիպված է մի քանի վերստ գնալ ու գալ ջրի համար։ Հեռու և քարոտ արոտները շատ անհարմար են տավարի համար։ Հեռավորության պատճառով արոտների մի մասը մնում է առանց շահագործման։ Արոտներից տավարն օգտվում է մայիսից մինչև հոկտեմբեր, ձյունից մինչև ձյուն։ Շատ անգամ երբ ձմեռը շուտ է սկսում, նախիրը դարձյալ դուրս են անում՝ ձյունի տակից չորացած խոտերը արածելու։ Ի՞նչ կարելի է սպասել այն կովից, որ ցրտից դողալով, ոտքերը վեր ու վար անելով, կեր է ճարում իր համար։ Արոտներից օգտվում են բոլոր անասունները, մի քանի ջրառատ գյուղերում գոմեշներին ամառը թողնում են գետի ճահճուտներում։ Հողաբաժանման ընթացքում, ըստ նորմայի ստացած արոտներից բացի, շատ գյուղեր արենդով արոտատեղի են վերցնում, անասունների կերն ապահովելու համար։

Անասնապահությունը գյուղատնտեսության մյուս ճյուղերի նման հետամնաց է. տեղական անասունները կարճահասակ են, քիչ կաթնատու։ Բազարչայի ամենից լավ եզը տալիս է 15 փութ միս և 2 փութ ճարպ, իսկ տեղական եզները՝ 6—8 փութ միս. տեղական ամենալավ կովը օրեկան հազիվ է տալիս 15 ֆունտ կաթ և տարեկան՝ 30 ֆունտ յուղ,