Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հատուկ ուշադրություն է դարձվում Երիշենում յուղապանրագործարան հիմնելու. այդ գործի շուրջ որոշ աշխատանքից հետո հաջողվում է համախմբել 72 գյուղական տնտեսություն և ստանալ վարկ (400 ռ. ցուլերի)։ Այդ պանրագործարանի արտելի անդամների համար դեկտ. և հունվ. բացվում են դասընթացքներ՝ մասնակցությամբ 25 հոգու։ Դասընթացքների աշխատանքներին մասնակցություն է ցույց տալիս և ընկեր Ս. Տ։

Ցանկություն. Բռուն գյուղում հիմք է դրվում անասնապահների ընկերության։ Խնձորեսկ գյուղում կատարվում են գործնական աշխատանքներ էլվորտի շարքացանով և էբերգարտի գութաններով։ Գավառի մի շարք գյուղերում փորձնական նպատակով ցանվել է Հրաշալի ցորեն։ Այդ ժամանակամիջոցում ստացված է 115 գրքույկներ՝ գյուղատնտեսական գիտելիքների մասին։ Կազմակերպված է երկու ագրոդատ, մեկը Խնձորեսկում, մյուսը Երիշենում։ Տեղական թերթի միջոցով տարվել է գյուղատնտեսական ագիտացիա։ Հունվարի սկզբներին Ղափանում կազմակերպված է շրջանի անդրանիկ գյուղատնտեսական համագումարը՝ նվիրված տեղական գյուղատնտեսության կարիքներին։ Ցույց է տրված աջակցություն վարկային ընկերության, և ակտիվ աջակցութ<յուն՝> «Մեղու» կոոպերատիվ ընկերության։ Արված են զանազան ընթացիկ աշխատանքներ՝ ագիտացիոն նպատակով։

Հազիվ թե հնարավոր լիներ վերոհիշյալ աշխատանքը բավարար համարել, [որովհետև միայն ագիտացիան չի կարող մեր հետամնաց գյուղատնտեսությունը տեղահան անել։ Ծրագիրը չէ, որ պակասում է մեզ, այլ դրամական միջոցներ և ագրոաշխատավորներ։ Եթե չհաշվենք գյուղատնտեսի ռոճիկը, շատ էլ սխալված չենք լինի ասելու, որ գյուղատնտեսական ծրագիրն իրականացնելու էլ ուրիշ դրամ չի մսխվում։ Բազմապիսի գյուղատնտեսական ճյուղեր և իրարից հեռու ընկած գյուղեր ունեցող Զանգեզուրում հենց այս տարվանից հարկավոր է առանձին ճյուղերի մասնագետներ ունենալ, առաջին գլուխ անասնապահության և մեղվապահության]։

Կազմված նախահաշվի մեջ հիշատակված գումարը բավարար է տարեվերջին ագիտացիայից բացի մի ավելի շոշափելի արժեքի մասին զեկուցելու, եթե միայն միջոց լինի այդ գումարը լրիվ ստանալու։

Առաջիկա գարնան ընթացքում կատարվելիք աշխատանքների մանրամասն ծրագիրը կազմված է և ներկայացված գավգործկոմին ի հաստատություն: