Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

33. ԶԱՆԳՀՈՂԲԱԺՆԻՆ

Ս. թ. մայիս ամսվա ընթացքում մեր գավառում տարված են հետևյալ գյուղատնտեսական աշխատանքները.

Հաշվետու ամսվա ընթացքում ագրոաշխատվորները 47 օր եղել են գյուղերում։ Այդ օրերի ընթացքում ըստ մեծի մասի տարված է ագիտացիոն և քիչ չափով ցուցադրական աշխատանք։ Բանավոր զրույցերի առավելությունը պիտի բացատրել անհրաժեշտ գործիքների և այլ պարագաների բացակայությամբ։

Մեղվաբուծության ասպարիզում մեր հրահանգիչը մայիս ամսվա ընթացքում շրջել է Ղափանի 26 գյուղերը։ Յուրաքանչյուր գյուղում ունեցել է զրույց և գործնական ցուցմունքներ՝ մեղուն արկղներում պահելու առավելության մասին, փեթակից արկղների անցնելու ձևը, և մեղվանոցի հերթական անելիքների մասին։ Այս տարվա ցրտերի պատճառով մեղուներից շատերն են փչացել։ Վերոհիշյալ գյուղերում ցույց տրված Դադան Բլատի սիստեմի արկղներ պատրաստելու ձևը։ Գյուղերում դասախոսությունների հետ միասին ցույց է տրված նկարներ։ Ղափանում կատարած աշխատանքի մասին մեր հրահանգիչը զեկուցել է շրջգործկոմում։ Մի քանի գյուղերում գործնական ցուցմունքներ է տրված հողերը աղբելու մասին։

Հողի մշակման ձևերի մասին զրույցներ արվել է Սիսիանի հետևյալ գյուղերում՝ Ղարաքիլիսե, Ուզ, Տուլորս, Ախլաթյան, Բնունիս. Թազագյուղ, Ալիլու, Սիսիան, Աղքենդ, Բռնակոթ, Մազրա, Բալաք և Անգեղակոթ գյուղերում։ Այդ գյուղերում ունկնդրել են 15-ից մինչև 60 հոգի, ընդամենը մոտ 485 հոգի։ Բացի հողերի մշակման ձևերից, այդ գյուղերում, մի քանի տեղ, եղել է զրույցներ արհեստական խոտաբույսերի մասին, Բորիսովկա, Ղարաքիլիսա և Բռնակոթ գյուղերում հատուկ դասախոսություններ է արված կերի բազուկի մասին, որից այս տարի այդ գյուղերում ցանված է մի շարք գյուղական տնտեսություններում։ Շաղաթ, Մալիքլար, Ղալաջուղ, Բորիսովկա և Բազարչայ գյուղերում զրույցները եղել են կովի խնամքի շուրջը և տեղական տեսակն ազնվացնելու մասին։ Բռնակոթ գյուղում տրված են մի շարք գործնական ցուցմունքներ կարտոֆելը տնկելու, ջրելու և բերքը ձմռան պահելու մասին։