Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ստացա գրությունը, հայտնեցի և՛ հողբաժնին, և՛ գավգործկոմին։ Հարյուր տոկոսանոց մերժում՝ ահա ինչ ստացա ես։

Վարձակետերը չեն գործում։ Ես նույնիսկ անհարմար եմ զգում ասելու, որ մեզ մոտ վարձակետեր գոյություն ունեն։ Ահա թե ինչու մեր աշխատանքը զրույցներ են, գումարած անկամ, մինչև սիրտ խառնելու աստիճան զզվեցնող ագրոագիտացիա, նույնը, նույն անվերջանայի հեքիաթը։

Թախանձագին խնդրում եմ՝ ուշադիր կարդացեք մայիս ամսվա մեր զեկուցագիրը. չէ որ դա անող մարմին է։ Գյոլղբյուջեի 80 %֊ը աշխատակիցների ռոճիկն է։ Մի՞թե դա առողջ բյուջե է։

Շրջաբերականում խոսվում է գավգործկոմին սեզոնային ծրագիր ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Այդպես էլ վարվեցինք՝ նորից անհաջողություն։ Նրանք միանգամայն հիմնավոր կերպով պատասխանում են, թե շարունակեք թպրտալ ձեր բյուջեի սահմաններում։ Մենք ունենք մի փոքր հողակտոր, և դժվարությամբ կոպեկներ ենք ստանում այդ գործի համար, կարծես այդ հողակտորը ինչ-որ «սերմաբուծարան է», և մենք դրամ ենք խնդրում Արամից[1]։

Մենք կրճատել ենք շտատը։ Այժմ երեքն են աշխատում։ Ըստ երևույթին նորից կրճատենք։ Մի՞թե արժի փող ծախսել բանավոր ագիտացիայի վրա։

Մի հանգամանք ևս։ Չգիտեմ, թե ինչպես է «գյուղատնտեսական օրինակելի գավառ» Դիլիջանում, բայց կասեմ մեր իրականության մասին։ Գյուղկոմներ, վարկ. ընկերություններ, ագրոպրոպագանդայի հանձնաժողով, ամեն շաբաթ ցանքերի դրությունը որոշող էքսպերտային հանձնաժողով, պետապ, բյուջեների, զեկուցագրերի կազմում, գրասենյակային աշխատանք (չէ՞ որ գործավար չունենք, գավգյուղատնտեսը «համատեղում է» և այս պաշտոնը) և այսպես անվերջ, որի մեջ կորչում է գլխավորը, հիմնականը։

Ահա, հարգելի Իվան Շալիկովիչ, ինչպիսի պայմաններում է աշխատում գյուղատնտեսը գավառում։

Պարտականությունները շատ են, իսկ իրավունքները՝ քիչ, իրավունք՝ ոչ թե բանաձևերի, այլ «դրամ» ստանալու համար, որի մասին դուք արտահայտվում եք այնպես «անթույլատրելի կերպով» (թե «դրամի» բացակայությունը արդարացում չէ)։

  1. 1