Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

38. <ԶԱՆԳԳԱՎ>ՀՈՂԲԱԺՆԻՆ

<31 հուլիսի 1925 թ.>

Հուլիս ամսվա ընթացքում շարունակվել է ցուցադրական դաշտի աշխատանքները։ Հաշվեառման է ենթարկված 8 գյուղական տնտեսություններում ցանած վիկան և Հրաշալի ցորենը։ Հողաշինարարական աշխատանքներին մասնակցություն է ցույց տրված՝ Սիսիանի մի շարք գյուղերի վիճելի հողերը տակսացիայի ենթարկելով։ Կրկին անդամ սրսկված են խաղողի այգիները Խնձորեսկ և Կյորու գյուղերում։ Ղափանի մի շարք գյուղերում շերամապահական աշխատանքներ է տարված առաջվա թափով: Չորս հազար տուփ գրենա պատրաստելու աշխատանքներն է տարված։ Ղափանում այս տարվա շերամի բերքը հասնում է 1500 փութի։ Շերամապահական աշխատանքներ են տարված և Ադրբեջանի հարևան գյուղերում։ Վերիշենի նոր կառուցվող պանրագործարանի աշխատանքները ևս տարված են։ Հավաքված են գավառիս խոտա և հացաբույսերի նմուշներ։ Կարգի է բերված օդերևութաբանական կայանը, ուր դիտումներ կատարվում են հուլիս 1-ից։

Գավգյուղատնտես՝ Ալ. Բակունց

39. ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻՆ

<Օգոստոս, 4 կամ 4֊ից հետո, 1925>

Մեր գյուղերից ամենից շատ գանգատվում են, որ դաշտային մկներ են երևացել։ Դիմումներ ստացել ենք Տեղ, Քարաշեն, Խնձորեսկ, Կյորու, Տանձատափ գյուղերից, նաև Ղափանից։ Մորեխ չկա։

Հացահատիկների բզեզ երևացել է քաղաքի շրջանի գյուղերում, մեծ մասամբ Տեղից մինչև Մաղանջուղ ընկած տարածության վրա։ Մյուս շրջաններում շատ սակավ է եղել։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն հարևան Քրդստանի գյուղերում ևս կան հացահատիկի բզեզներ։ Դժբախտաբար հնարավորություն չունենք պարզելու վնասի չափը։