Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

41. ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

11 օգոստոսի 1925 թ. № 994, Գորիս

25/26 թ. գյուղատնտեսական նախահաշվի մեջ մտցրել էինք կանեփագործության արհեստանոց կազմելու ծախքերը՝ ի նկատի ունենալով այն, որ մեր գավառում առերես կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները կանեփագործության զարգացման համար։

Գավգործկոմի պլենումը օգոստոս 3֊ին քննության առնելով մեր բյուջեն, կրճատում է գյուղատնտեսական բյուջեից կանեփագործության արհեստանոցը և որոշում այդ գործը կազմակերպել գյուղատնտեսական բանկի միջոցով, ստանալով հատուկ վարկ:

Խնդրում ենք հայտնել մեզ, թե հնարավո՞ր է Ձեր աջակցությունը բանկից վարկ ստանալու գործում, ինչպես և Ձեր տեսակետը կանեփագործության զարգացման վերաբերյալ մեր գավառում։ Եթե ձեռքի տակ չունեք անհրաժեշտ տվյալներ՝ կհաղորդենք լրացուցիչ։

42. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

<Օգոստոս, վերջեր, 1925 թ.>

Հողբաժնի վարիչ Գ. Գևորգյանը արձակուրդի մեջ է հուլիս 5-ից։ Նրա փոխարեն ես եմ տարել մինչև այժմ հողբաժնի վարիչի աշխատանքները, որից տուժել է իմ անմիջական պարտականությունը։

Ինձ հայտնված է եղել, որ ես նրան փոխարինելու եմ ամիս ու կես, բայց այդ ժամանակը վաղուց է անցել։ Մոտենում է գյուղատնտեսական տարին, նման դրությունը պիտի խանգարի գյուղատնտեսական աշխատանքներ սկսելուն։

Այդ բոլորն ինձ ստիպում են հողվարչության դիմել, որ հոգա վարիչ ունենալու մասին, հայտնել նաև, որ սեպտ. 5֊ից հետո ես հրաժարվում եմ հողբաժնի վարիչի տեղակալ լինելու պաշտոնից։

Գավ. գյուղատնտես՝ Ալ. Բակունց