Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

55. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

<26 օգոստոսի 1926 թ. № 6461>

1926 թ. օգոստոսի 18-ին ծանոթանալով Վաղարշապատի հատակագծման աշխատանքներին՝ անհրաժեշտ եմ համարում կատարել հետևյալը[1].

1. Ցուցակները պատրաստել վերջնական խմբագրությամբ օգոստոսի 30-ին։ Ջոկել առանձին՝ 1) գաղթականներին, 2) հարևան գյուղերից եկածներին, 3) ծառայողներին, 4) առևտուրով պարապողներին և հողի իրավունքից զրկված տնտեսություններին։

2. Ցուցակագրված տնտեսություններից որոշ մասը, որոնք իրավ ունեն հող ստանալու, փոխադրել բաժանելով առանձին գյուղերի։ Այս խնդրի նախնական ծանոթության համար ուղարկել մասնագետագրոնոմներից կազմված հանձնաժողով։

3. Հողաշինարարությունը և նոր հատակագծումը հարմարեցնել ջրային սիստեմին՝ նախօրոք պայմանավորվելով ջրային վարչության տեղական բաժնի հետ։

4. Որովհետև որոշ տնտեսություններ հողի լավ կտորներ սեփականացնելու նպատակով տնկում են զանազան ծառեր, ուստի հողաբաժանության ընթացքում այդպիսիների կատարած աշխատանքը համարել առոչինչ, հողը մտցնելով ընդհանուր ֆոնդի մեջ, իսկ այդպիսիներին նախօրոք ցուցակագրել։

5. Սեպտեմբերի 10—15-ին ներկայացվում է հողժողկոմատի հաստատության հիմնական հատակագիծը, որոշված քաղաքի տեղական տնտեսության, վանքի, հնությունների պահպանության կոմիտեի, հողային համայնքների և հող ունեցող մյուս իրավական կազմակերպություններին պատկանող հողերի սահմանները։

6. Ցանկալի համարել հողակտորների երկարությունը 100 սաժեն, իսկ տեղ֊տեղ, հողերի ռելիեֆ հատկությունները ու ջրային պայմաններն ի նկատի ունենալով հնարավոր համարել այդ տարածության փոփոխությունը։

7. Գլխավոր շոսեներից բացի (Երևան, Սամաղար, Իգդիր, Աշտարակ), մնացած բոլոր ճանապարհները, որոնք անցնում են հողամասերով, ուղղացնել, փոխելով և այժմ եղած փոքրիկ փայտի կամուրջները։

  1. 1