Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

63. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

<8 ապրիլի 1927 թ., № 3604>

Հողվարչության № 2609 գրության համաձայն, ս/թ. ապրիլի 5-ին Ծաղկաձորում կատարվեց ստուգում վերաբնակիչներից այն տնտեսությունների, որոնց հնարավոր է զրկել հողից՝ ոչ մի տնտեսական կապ այդ վայրում չունենալու պատճառով։

Ստուգումը պարզեց հետևյալը. Ծաղկաձորում հող են ստացել 25 և 26 թվերին 29 տնտեսություն տաճկահայ գաղթականներից (Հին Բայազետ, Բիթլիս և այլն), որից 9-ը տունը գյուղում ունի տուն։ Հարևան գյուղերից Ծաղկաձորում տեղավորված են. Ռնդամալից՝ 9 տնտեսություն, որից 8-ը Ծաղկաձորում ունի տուն և այգի, Քարվանսարայից՝ մի տնտեսություն, որը դարձյալ տնատեր է Ծաղկաձորում, Միսխանայից՝ մի տնտեսություն, դարձյալ տնատեր։ Այսպիսով՝ Ծաղկաձորում տեղավորված 40 վերաբնիկ տնտեսություններից գյուղում այգի և տուն ունեն 19 տնտեսություն։

Հանձնաժողովը տեղում մանրամասն ծանոթանալով վերաբնիկների տնտեսական դրության հետ, հնարավոր է համարում, և այն էլ միայն մաքրավանքցիներին մի տարով բավարարելու նպատակով, այս տարի հողազուրկ անել արձանագրության մեջ հիշած 8 տնտեսություններին՝ 40 շնչով, որոնցից 8-ը Քարվանսարայից է եկել, իսկ 7-ը՝ Ռնդամալից։

Թեկուզ հողային մատյանի ստուգումը, ինչպես և գյուղխորհուրդների նախագահների տված տեղեկանքը, հաստատում է, որ այդ տնտեսությունները հող չունեն ո՛չ Ռնդամալում և ո՛չ էլ Քարվանսարայում։ Հանձնաժողովը միայն նրանց է հնարավոր համարում 27 թվին հողազուրկ անել, որովհետև նախկին գյուղերում ունեցած տնտեսությունն ու եղած անասունները կարող են միջոց դառնալ մի կերպ ապրելու, մինչև մքրավանքցիք բավարարվեն։

Բացի այդ, Ծաղկաձորի ծխամատյանում հիշված այդ տնտեսությունները, որոնց շնչերի մի մասն ապրում է ուրիշ վայրերում և վաղուց է կտրվել գյուղից, թեկուզ տնտեսության գյուղում մնացած մասն օգտվում է նրանց շնչաբաժին հողերից, այդպիսի շնչերին, թվով մոտ 15, ևս հողազուրկ անելով, նրանց շնչաբաժինը մի տարով կարելի է հատկացնել մաքրավանքցիներին։