Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եղանք Ղափանում, չափրարները լավ են աշխատում, մի քանի գյուղում արդեն վերջացրել են։ Վերջացրինք Տանձավերի, Մալդաշի, Աղվանու և Երիցաթումբի միջգյուղյան հողաշինարարությունը՝ որոշելով նաև անտառի և արոտների սահմանը։ Այդ նպատակով, օգտագործել ենք անտառվարչության հողաչափին, որ խոստացել է ազատ ժամանակ տալ մեզ և այդ գյուղերի գծագիրը՝ հատակագծման համար։

Նամակդ ստացա, ինչպես և Աղասու հետ ուղարկած 2000 ռուբլին։ Առայժմ հերիք է, յոլա կտանենք, մինչև հին ապառիկները հավաքենք։

Նամակիդ միջին գրել ես, որ ներգաղթը լայն չափեր է ընդունել։ Ես ստուգեցի այդ, նման երևույթ չկա, այս տարի շատ մեղմ է այդ, գուցե եկած լինեն 5—6 տուն, ընդհակառակը, կա արտագաղթ. Դաստակերտ թուրքական գյուղը քոչում է Ադրբեջան։

Ղափանի շրջանի սահմանակից գյուղերի միջգյուղյա հողաշինարարությունը հետաձգել ենք հետագայում անելու։ Գորիսում և Խնձորեսկում ձեռնարկել ենք հողօգտագործողների ցուցակի կազմելուն և նոր գյուղատեղեր որոշելու և տեղափոխելու համար։ Այդ խնդիրը շատ կարևոր է, առանց դրան մեր աշխատանքը տնտեսական մեծ էֆեկտ չի տա:

Թաբաղյանն է մի քիչ շուլուխ անում, ազատ օրեր հաճախ է կորցնում։ Վաղը գնում եմ Խնձորեսկ, գուցե ականջները մի քիչ քաշեմ, լսել եմ, որ Գորիս սիրահարվել է։

Խաչատուր, հիմա իմ արձակուրդի մասին։ Նիկալայը օգոստ. 1-ից մինչև 20-ը գնում է արձակուրդ, այդ հարցն արդեն որոշված է, թեկուզ աշխատեցի համոզել, որ հիմա չգնա։ Նամակիդ մեջ գրվածները լրիվ կկատարենք, բացի մի կետից, այն, որ գրում ես, թե աշխատիր դուրս գալուց առաջ կիսատ հարցեր չթողնել։ Նիկալայի արձակուրդ գնալուց հետո չափրարները մնում են անտեր, թեկուզ նրանք գյուղ առ գյուղ վերջացնում են։ Ես մինչև հիմա աշխատում եմ, դժբախտությունն այն է, որ մինչև մնալս էլ պիտի աշխատեմ, թեկուզ անվանապես արձակուրդ էլ ստանամ։ Ուրիշ տեղ գնալու և հանգստանալու հնարավորություն չունեմ, իսկ բավական բան կորցրի առանց այն էլ պակաս առողջությունից։ Ինչևէ։ Դրա մասին գրի՛ր, իսկ վաղվանից հաշվիր ինձ արձակուրդի մեջ։

Վաղը գնում եմ Խնձորեսկ, երկու գյուղատեղ ենք որոշել, տեսնենք, քանի հոգի են ցանկանում գալ։ Ոչի՛նչ, կհաջողվի։