Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵԼՈՒՅԹ ՀՕԿ-Ի 3-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

<16 հոկտեմբերի 1923 թ․>

Չնայած որ սա ՀՕԿ-ի 3-րդ համագումարն է, բայց ըստ իր աշխատանքների՝ կարելի է առաջին համագումարը համարել, որովհետև, երբ նկատի ունենանք բոլոր պատգամավորների զեկուցումները, պիտի տեսնենք, որ ամեն տեղ դեռ նոր են սկսում գործերը, և դրանք մեծ մասամբ արդյունք են անհատական ջանքերի, չունենալով միանման գործելակերպ. օրինակ Բաթումը մի գաղթականական մարմին է կարծես, Գերմանիայի օգնության մարմինը մի միսիոներական կազմակերպություն է, Պարսկաստանը ցանկանում է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն հաստատել Թավրիզում, դա համարելով ՀՕԿ-ի գործը։ Մի այլ տեղ ՀՕԿ-ը վերածվել է մի առևտրական հաստատության և այլն, և այլն։ Ահա այս բոլոր այլազանությունները հետևանք են այն բանի, որ ՀՕԿ֊ը չունի միատեսակ կանոնադրություն։ Նույնիսկ անցագրերի խնդրով շատ անգամ ՀՕԿ-ին դիմումներ են լինում։ Պետք է ճիշտ որոշել ՀՕԿ-ի գործունեության սահմանները։ Մի քանի տեղերում նկատվում է, որ տեխնիկական գիտելիքներ տարածող ընկերություններ են կազմակերպվում: Ինչքան էլ դա բարի ցանկությունների հետևանք լինի, այնուամենայնիվ լավագույն կլինի, որ տեղերը նպատակ դնեն իրենց համար միայն նյութական օգնություն հասցնել Հայաստանին, ուրիշ ոչինչ։ Իսկ թե այդ օժանդակությունը ինչպիսի կարիքների վրա պիտի ծախսվի, դա ՀՕԿ-ը ինքը պիտի որոշի։

Պրոպագանդայի խնդիր.— Մոսկվայի կոմիտեն մի Վեստնիկ էր բաց թողել, որ ահագին դեր կատարեց պրոպագանդայի գործում։ Ես առաջարկում եմ նման լրաբերներ հաճախակի հրատարակել և ուղարկել հեռավոր վայրերը, որոնք և գրավոր դիրեկտիվների դերը կկատարեն ՀՕԿ-ի համար։