Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որակի հարցերը։ Գրական երկի լեզուն, որպես գեղարվեստական ամբողջություն,— ահա ես ինչ պահանջով եմ մոտենում լեզվին,— ասաց զեկուցողը,— այս զեկուցումն ես համարում եմ մի տեսակ ներածություն մեր հետագա աշխատանքների. մեր դիսպուտներում և զեկուցումներում մենք հետզhետե քննության պիտի առնենք կոնկրետ հեղինակների կոնկրետ երկերի բովանդակության գաղափարական հարցերի հետ զուգընթաց գեղարվեստականության հարցերը, ոճի, կառուցվածքի, լեզվի և այլ հարցեր։ Նա ասաց, որ ինքը չի դնելու ընդհանուր խնդիրներ, զբաղվելու է միմիայն փաստական նյութով, որից և անելու է եզրակացություններ։ Ինչու՞ հատկապես քննության է առնվում տվյալ վեպը,— ասում է ընկ. Բակունցը,— որովհետև իր ծավալի, լեզվական նյութի թերությունների ու առավելությունների տեսակետից այդ գիրքը հնարավորություն է տալիս շոշափելու այն բոլոր հարցերը, որ կապված են մեր գրական լեզվի հետ:

Այնուհետև, ընկ. Բակունցն անցնում է կոնկրետ նյութի քննությանը, առաջին հերթին կանգ առնելով թերությունների վրա։ Նա օրինակներով ցույց է տալիս, որ ընկ. Ալաղանի վեպում կան լեզվական հետևյալ թերությունները.

1․Գավառաբանություններ, խրթնաբանություններ։ Հերոսները չեն խոսում իրենց համար տիպիկական լեզվով, տեղ-տեղ հերոսների և հեղինակի լեզուն չի տարբերվում իրարից։ Գավառաբարբառներից չեն վերցված տիպիկական արտահայտություններ և բառեր, բարբառները խառնված են, բացի այդ, վերցված են աղավաղված և օտար բառեր, որոնք ո՛չ միայն բնորոշ չեն տվյալ բարբառի համար, այլև աղավաղում են մեր գրական լեզուն։ Գրաբարից և արևմտահայերենից որոշ բառեր գործածվում են ոչ ըստ տեղի։ Կան վիճելի բառակազմություններ։

2.Կան սխալ պատկերացումներ, սխալ որակումներ, նախադասության ու պարբերության ավելորդ բարդացումներ։ Կան դարձվածքներ, պատկերներ և համեմատություններ, որոնք ընդհանրապես կարող են մերժելի չլինել, բայց տվյալ երկում տեղին չեն գործածվում, չեն միահյուսվում երկի բովանդակության ոգուն։

3.Կան անտեղի գործածված ռուսական բառեր, որոնց փոխարեն մեր լեզուն ունի միանգամայն հաջող և շատ տարածված բառեր։

4. Պատահում են սխալ կառուցված նախադասություններ։

5. Տեղ-տեղ նկատվում է տարրեր կուլտուրաներից վերցրած բառերի կուտակում,— իրար կողքի տեղ են գտել ռուսերեն, գրաբար,