Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դիսպուտներ, որոնց ընթացքում թույլ տրվեցին մի շարք սխալներ։ Այդ սխալներ կատարողներից մեկը ես էի, որ խիստ արտահայտվեցի Նաիրի Զարյանի լեզվի նկատմամբ՝ անվանելով այն փնթի։ Սրանով ես չեմ ուզեցել նրա լեզուն որակավորել, սակայն այդ ընթացքում մենք խմբակայնությամբ տարվելով, մոռացել էինք, որ կրակը պիտի ուղղել դեպի արխաիզմը, դեպի գրաբարը և ոչ միայն դեպի բարբառը։

Այս կապակցությամբ ես պետք է խոսեմ ընկ. Չարենցի զեկուցման դեմ։ Դուք հիշում եք, որ ընկ. Չարենցը լեզվի խնդիրների կապակցությամբ ունեցած իր զեկուցումով[1] ինչպես երկու ճյուղի օգտագործման խնդիրը դրեց։ Որպեսզի դուք վերհիշեք այդ զեկուցումը, ես ձեզ կկարդամ Վահան Տերյանից այն հատվածը, որի վրա կառուցված է այդ զեկուցումը. <«Մեր ռուսահայ կամ արևելյան լեզուն առաջ է գնացել երկու շավղով, երկու ճյուղավորությամբ. մի կողմիցս դա այն լեզուն է, որ դարձել է մեր մամուլի այժմյան լեզուն, այլ խոսքով՝ մեր գրական լեզուն, մյուս կողմից՝ այն լեզուն, որ գործածել են Աբովյանը և հետո Պռոշյանը, Աղայանը և Թումանյանը»։

«Այդ երկու ճյուղավորություններից մեկը դարձել է մեր մամուլի, գրականության խոշորագույն հատվածի, մեր ժողովների, գրագրության լեզուն, իսկ մյուսը կիրառվել է գլխավորապես գեղարվեստական գրվածքների շրջանակում, սակավ առ սակավ ելնելով այդ շրջանակներից և արշավանք գործելով ուրիշ գավառներ, այն էլ գլխավորապես միայն հրապարակագրության ու մամուլի գավառը։ Դրանից հեռու չի գնացել, գիտական առարկաների լեզուն լինելու փորձեր չի արել նա»։

«Աբովյանը վերցրել է մի բարբառ և, առանց այլևայլության գրել այդ բարբառով և հակադրել է այդ բարբառը գրաբարին։ Իսկ մյուս ճյուղը նույն նպատակին դիմել է մի ուրիշ ճանապարհով. նա կերտել է մի նոր լեզու, որի մեջ մտել են նյութեր և՛ գրաբարից, և՛ բոլոր այն ժամանակ հայտնի և գործածության մեջ գտնվող բարբառներից:

Իրավ որ, Նազարյանի լեզուն ավելի մոտ է հին լեզվին, այսինքն՝ գրաբարին։ Աբովյանի լեզուն հասկանալի էր, շատ դյուրըմբռնելի մեր ժողովրդի մի մասին, որովհետև նրա իսկ, ժողովրդի այդ հատվածի լեզուն էր, սակայն չպետք է մոռանալ, որ դա հայ ժողովրդի մի հատվածն էր միայն։ Մինչդեռ ախալքալաքցու կամ շիրակեցու համար այդ լեզուն գուցե ավելի դժվար ըմբռնելի էր, քան ո՛չ միայն Նազարյանի լեզուն, այլ նույնիսկ գրաբարը։ Այս մեկ։ Երկրորդ, եթե այդ լեզուն

  1. 3