Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասպարեզում մենք տեսնում ենք վերջին ամենացայտուն և ամենաբնորոշ ներկայացուցչին լեզվական այն տենդենցի, որի բնորոշ կողմն են կազմում լեզվական գավառական հատկանիշները (թե՛ բառակազմության և թե՛ համաձայնության մեջ)։ Լեզվական այս տենդենցը, սկիզբ առնելով Խ․ Աբովյանից, իր հետագա ներկայացուցիչների մոտ հետզհետե ազատագրվում է գավառական հատկանիշներից (առանձին է մնում Գ. Սունդուկյանը) և Հ. Թումանյանի երկերում դառնում է մի լեզու, որ կիսով չափ մոտենալով մեր ընդհանուր գրական լեզվին, կիսով չափ դեռևս պահում է իր մեջ գավառական հատկանիշները, և այս վերջիններս են, որ նրա լեզվի մեջ ստեղծում են այն ինքնուրույնն ու յուրահատուկը, որ մենք հասկանում ենք «Հ. Թումանյանի լեզու» ասելով։ Եթե մենք Հ. Թումանյանի լեզուն զրկենք այս հատկանիշներից, կստանանք մաքուր գրական լեզու, բայց սա արդեն չի լինի այս գրական լեզուն, որ բնորոշ է Թումանյանի համար: Թումանյանի լեզվի այդ յուրահատուկն ու բնորոշը, որ նրա լեզվին տալիս են գյուղական ինտոնացիա, մեր խորին համոզմունքով՝ պատմականորեն դատապարտված է մահվան, ինչպես այդ ցույց է տալիս մեր գրական լեզվի հետագա զարգացումը, մեր ներկա գրական լեզուն, առանց բացառության»[1]:>

Ուրեմն, Թումանյանի լեզվին յուրահատուկ և բնորոշը Չարենցը համարում է գյուղական ինտոնացիան։ Ես կկարդամ Տերյանի գնահատականը նույն Թումանյանի լեզվի վերաբերյալ. <«Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի։ Սակայն նա պահպանել է իր լեզվի մեջ դեռ երկու բառ՝ դա հռչակավոր էս-ն ու էն-ն է։ Այդ էս-ն ու էն-ը այս ու այն-ի հանդեպ մեր գրականության մեջ առաջին բարբառների գործածության վերջին զինվորներն են, վերջին բերդերն են և, ըստ իս, շատ խարխուլ ու անհաստատ բերդերը, որ դեռ պահպանում են իրենց գոյությունը և մինչև անգամ թշնամական բանակի մեջ իրարանցում գցելու անհաջող փորձեր էլ են անում։ Թումանյանի մի քանի շնորհալի և անշնորհք աշակերտները ճիգեր են թափում այդ էս-ն ու էն-ը ընդհանրացնելու, և պետք է խոստովանել, շնորհիվ մեր երկրում տիրող անտերությանը, որոշ չափով հաջողում են այդ բանում»[2]։>

  1. 5
  2. 6