Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպիսով, Տերյանը Թումանյանի լեզվի մեջ գտնում է երկու բացասական բառ՝ «էս» և «էն» բառերը։

Ինչո՞ւ եմ հարցն այսպես սուր դնում։ Սա մեր ներքին հարցերից մեկն է, և սա տեսության մեջ կարևոր խնդիր է, ուստի պետք է նույնպիսի քաղաքական բարձրության և նույն որակին հասցնել, ինչ որ մյուս տիպի սխալների <հարցերը>։ Ինչո՞ւմն է խնդիրը։ Յուրաքանչյուր տիրապետող դասակարգ իր հետ բերում է յուրահատուկ լեզու, և ճիշտ է այստեղ պրոֆեսոր Մանուկ Աբեղյանի ասածը, որ ժամանակակից առաջնակարգ լեզուն ազդում է մյուս լեզուների վրա. պրոլետարական հեղափոխությունից հետո մեր ժամանակակից լեզուն կրում է այնպիսի խոշոր ազդեցություն մի այնպիսի լեզվից, ինչպիսին է մեր Հոկտեմբերյան հեղափոխության հայրենիքի լեզուն։ Փոխառությունների խնդրում մենք ավելի իրավունք ունենք վերցնելու ռուսական լեզվից, քան մի ուրիշից։

Մաքուր լեզվի, կենտրոնաձիգ լեզվի խնդիրը պետք է դնել։ Ես գտնում եմ, որ այդ լեզուն խարսխված պետք է լինի ժողովրդական լեզվի վրա։ Սրա համար մենք պետք է ուսումնասիրենք Թումանյանի լեզուն <նկատի առնելով>, թե իր ժամանակին Թումանյանն ինչպես է կարողացել օգտագործել բարբառները և ժողովրդական լեզուն, գրաբարը, զանազան պատկերներ և այլն ու ստեղծել այնպիսի լեզու, որը հանդիսանում է, ես կասեի, նախահոկտեմբերյան պոեզիայի լեզուն։ Եվ այդպիսով՝ Թումանյանը դառնում է այդ լեզվի նախահայրը, որովհետև Թումանյանի փորձն այս կապակցությամբ ավելի շատ տվյալներ ունի օգտակար լինելու, քան Տերյանի լեզվաշինարարության փորձը։

Լեզվի դիսպուտների ժամանակ, զբաղված լինելով խմբակայնությամբ, գիտակցաբար, մենք անցանք մի քանի խնդիրների, որոշակի խնդիրների կողքով, ինչպիսին է գրաբարի օգտագործման խնդիրը։ Հարց է առաջ գալիս, ի՞նչ ասպարեզներում և ի՞նչ չափով կարելի է օգտագործել գրաբարը։ Ես կարծում եմ՝ այն կարելի է օգտագործել պետականության, փիլիսոփայության և ռազմական ասպարեզներում, և այս ուղղությամբ օգտագործված գրաբարը դրական հետևանքներ է տալիս։ Իսկ եթե գրաբարով ուզում ենք նկարագրել բնությունը, կամ <գրել> այս կամ այն ստեղծագործությունը, գրվածքը, տեսնում ենք, որ բացասական հետևանք է ունենում։ Այս իսկ տեսակետից՝ նայած նյութին. այս կամ այն չափով էլ դրվում է գրաբարի օգտագործման խնդիրը։