Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես մի քանի խոսքով ուզում եմ կանգ առնել Նաիրի Զարյանի «Ռուշանի քարափի» վրա. ես գտնում եմ, որ նա գրված է Թումանյանի «Անուշ»-ի ազդեցության տակ, ինչպես որ Նաիրի Զարյանը այստեղ աշխատեց ապացուցել, որ Չարենցի «Գովք»-ը նման է Շնորհալիի գրվածքներին՝ ոճի տեսակետից։ Ինչո՞ւ եմ ես խնդիրն այս կապակցությամբ դնում։ Իհարկե, չի կարելի ասել, որ Նաիրին անմիջականապես օգտվել է Թումանյանի «Անուշ»-ից կամ Չարենցը՝ Շնորհալուց, բայց հիմնականն այն սխալն է, որ երկու հեղինակներն էլ հին ձևի մեջ դրել են նոր բովանդակություն, և երբ դուք կարդում եք «Ռուշանի քարափը» և Թումանյանի «Անուշ»-ը, տեսնում և զգում եք այդ նմանությունը. ինչպես ձեթով ամանի մեջ եթե գինի լցնես և հետո այդ գինին գործածես, կզգաս ձեթի հոտը, այնպես էլ այս դրվածքի և Եղիշեի «Գովք»-ի մեջ տեսնում ենք <Թումանյանին և> Շնորհալիին։ Եվ այսպիսով՝ շատ անգամ հին ձևի մեջ դնելով նորը, <հինն> առանց քննադատաբար օգտագործելու, սխալներ ենք անում։

Մենք տեսնում ենք <նաև>, որ գրական ստեղծագործության համար ժանրի օգտագործումը ոչ թե առաջնակարգ խնդիր է, այլ երկրորդական։

Մի դիտողություն էլ, և ես կվերջացնեմ։ Ընկերներ, մենք խոսեցինք այստեղ մի հիմնական թերության մասին. որ մենք՝ գրողներս, չենք օգտագործել նորագույն ձևերը։ Ես պետք է ասեմ, որ մերն է մեղքը, որ մեր գրականության մակարդակը ցածր է, և մենք ենք մեղավորը, որ ընկնելով այս կամ այն ձախության կամ աջության մեջ քաղաքացիական ակտիվություն գրականության մեջ չենք ունեցել։ Մենք կարծես այդ գծից վախենում ենք, բայց չպետք է վախենանք և պետք է մոտենանք սոցիալիստական շինարարությանը, այդ գիծն ուժեղացնելու համար, որպեսզի կարողանանք այդ հիմնական նյութը գեղարվեստական գրականությամբ արտահայտել։

Ես ուղղակի ամոթով եմ հիշում ընկ. Խանջյանի ասածը, որ Շոլոխովի տիպերը Վաղարշապատում ավելի են մասսայականացված, քան մերը։ Ինչո՞ւ Նաիրի Զարյանի տիպերը չեն կարող Շոլոխովի տիպերի պես մասսայականացված, որովհետև նրան խանգարում է սխեմատիզմը, ան խանգարում է այն վերաբերմունքը, որ նա ունի դեպի անցյալի կուլտուրան։ Ես կարող եմ կարդալ ընկ. Զարյանի՝ իր մանկության մասին գրածը, որտեղ նա վախենում է իր անցյալից։ Նա այդ մանկության