Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՐԱԿԱՆ-ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ

Ա. Բակունցի թողած գրական ժառանգության կարևոր մասն են կազմում 1920-30-ական թվականներին գրական և կուսակցական մամուլում տպագրված՝ գեղարվեստական գրականության հարցերին նվիրված հողվածներն ու գրախոսությունները, որոնք առաջին անգամ հավաքվել ու առանձին գրքով հրատարակվել են 1959 թվականին, «Ա. Բակունցը. Գրականության մասին» ժողովածվում։ Այդ գիրքը, սակայն, նախ` չի ընդգրկում այն բոլորը, ինչ տվյալ բնագավառում ստեղծել է Բակունցը, և հետո` մի շարք հոդվածներ ու զեկուցումներ լույս են տեսել մեծ ու փոքր կրճատումներով։

Հայտնի է, որ դեռևս 20-ական թթ. սկզբներին, Խարկովում սովորելու տարիներին, տեղի հայկական ակումբում, Բակունցը հանդես է եկել ուշագրավ զեկուցումներով` նվիրված Պ. Դուրյանի, Հովհ. Թումանյանի և Վ. Տերյանի կյանքին ու ստեղծագործությանը։ Մեզ չեն հասել այդ զեկուցումների բնագրերը կամ համառոտ շարադրանքները։ Հետագա տասնամյակին, Երևանում, Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ կազմակերպված հրապարակային քննարկումներին ու բանավեճերին, Բակունցը հանդես է եկել որպես հիմնական զեկուցող իր տեսակետները շարադրելով սովետահայ գրականության տեսության ու պատմության, գեղարվեստական գրականության լեզվի և կինոյի հարցերի մասին։ Չեն հայտնաբերված նաև դրանց բնագրերը, և մեր միակ աղբյուրը լրագրական անհաջող շարադրանքներն են (տե՛ս սույն հատորի համապատասխան բաժինը)։ Անհավանական չէ, վերջապես, որ Բակունցը հանրապետական ու կենտրոնական մամուլում հրատարակել է նաև ուրիշ հոդվածներ, սակայն դրանց մի մասը, թերևս, լույս է տեսել մեզ անծանոթ ծածկանուններով և կարող է գիտական շրջանառության մեջ մտնել հարցի համակողմանի լուսաբանությունից հետո միայն։

Այսպիսով` սույն բաժնում տեղ են գտել Բակունցի առայժմ հայտնի գրական-քննադատական բոլոր հոդվածները, բացառությամբ Վարդան Այգեկցուն նվիրված փոքրածավալ հետազոտության, որը տեղ է գտել սույն հրատարակության II հատորում, Այգեկցու առակների՝ Բակունցի բարձրարժեք թարգմանություններին ու մեկնաբանության կից։ Հատորից դուրս են մնում նաև «Մանկական գրականության խնդիրներից» ծավալուն հոդվածը, որը լույս է տեսել «Նոր ուղի» հանդեսի 1931 թ. II գրքում, էջ 117 131, «Ալ. Ստեփանյան» ծածկանունով և նույն բնույթի մյուս հոդվածները «Սովետական Հայաստան» թերթում։ Գրված լինելով օրվա թելադրանքով ու շտապողականությամբ` դրանք տառապում են մի շարք էական թերություններով և վերահրատարակման հիմքեր չեն տալիս։

Նկատի առնելով հատորի մնացած բոլոր բաժինների նյութերի վերաբերմամբ «Ինքնակենսագրության» մեկուսի դիրքը, նաև` առանձնակի նշանակությունը Բակունցի կյանքի