Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ստեղծագործության ուսումնասիրության խնդրում, սույն IV հատորը բաց ենք անում հեղինակի «Ինքնակենսագրությամբ», իսկ բաժնի մնացած նյութերը դասավորում ժամահակագրական կարգով: Նյութերի դասակարգման նույն սկզբունքն է կիրառված նաև սույն հատորի հաջորդ չորս բաժիններում։

<ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈԻԹՅՈԻՆ>

(Էջ 9)

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Ակսել Բակունցի ֆոնդ. № 7։ Առաջին անգամ տպագրվել է՝ Ա․ Բակունց, Երկեր, կազմեց և խմբագրեց Ս.Պայազատ, Ե., 1955, էջ XIX—X։ Ապա՝ «Ա. Բակունց, Գրականության մասին», Ե., 1959, էջ 21—22։

Բնագիրը պատրաստված է ըստ ինքնագրի։

1 Բակունցը (Ալեքսանդր Թևոսյան) ծնվել է 1899 թ. հունիսի 1-ին։ Հոր անունն է Ստեփան, մոր անունը՝ Բոխչագյուլ (հին Գորիսի՝ Երիշենի Խուրշուդյան ընտանիքից)։

2 «Մի տուն լիքը մանուկներ»— Թումանյանի «Գութանի երգը» բանաստեղծության տողը, որ դարձել է թևավոր խոսք։ Բակունցն ունեցել է երեք եղբայր և յոթ քույր։

3 Ըստ ավարտական վկայականի՝ Գորիսի հայոց հնգամյա ծխական դպրոցում Բակունցն ուսանել է՝ կրոն, հայոց և ռուսաց լեզուներ, թվաբանություն, բնագիտություն, հայոց և ռուսաց պատմություն, ընդհանուր և ռուսաց աշխարհագրություն, երգեցողություն, երկրաչափություն, գծագրություն֊նկարչություն, գեղագրություն և ձեռագործ։ Ուսուցիչներն են եղել՝ Սադաթ Սաֆրազբեկյանը, Հովհաննես Տեր-Գրիգորյանը, Աշխեն Շահնազարյանը, Հակոբ Միրաքյանը, Տիգրան Սազանդարյանը և ուրիշներ։ Դպրոցի ավարտական վկայականը նրան տրվել է 1910 թ. մայիսի 22-ին (բնագիրը պահվում է ՊԿՊԱ-ում, Գևորգյան ճեմարանի ֆոնդում, թղթապանակ 22, գործ 11, թ.3։ Հրատարակվել է 1958 թ. սկսած՝ Ա. Ադամյանի և Ռ.Իշխանյանի կողմից)։

4 Վարդանն Ավարայրի դաշտում - անցյալում շատ տարածված մի երևակայական նկար, ուր պատկերված են Վարդան Մամիկոնյանն ու Ղևոնդ Երեցը՝ իրենց զինակիցների հետ, Ավարայրի դաշտում։ Հաճախ էր արտատպվում պատմության դասագրքերում։

5 «Ծաղկեփունջ» գիրքը - ամենայն հավանականությամբ՝ Ա. Բակունցի նվեր ստացած գիրքն էր «Ծաղկեփունջ, ամենատարածված ընտիր երգերի ժողովածու ծոցի համար» հատորիկը, որը հրատարակության է պատրաստել Խ. Տեր-Հովհաննիսյանը (լույս է տեսել Տփղիսում, 1907թ․)։

6 Գորիս քաղաքի հասարակության համախոսական-դիմումը՝ Ալեքսանդր Թևոսյանին (Բակունցին) էջմիածնի Գևորգյան ճեմարանի գիշերօթիկ սաների շարքում ընդունելու վերաբերյալ գրված է 1910 թ. օգոստոսի 10֊ին (ստորագրել են 152 մարդ)։ Նրան ճեմարան է տարել իր մերձավոր ազգականներից մեկը՝ Երեմիա Բակունցը, որը նույնպես սովորում էր այնտեղ։ Ա. Բակունցը միանգամից ընդունվել է III դասարանը։

7 «...հայոց Հայրիկ» — անվանապես այս պատվանունը վերաբերում է ականավոր հոգևոր գործիչ, գրող, ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանին (գրական անունը՝