Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խրիմյան Հայրիկ, 1820—1907), որը հայ իրականության մեջ վայելել է լայն ժողովրղականություն։ Դրա շնորհիվ Հայրիկ անունը դարձել է հասարակ բառ և գործածվել իբրև հոմանիշ կաթողիկոս բառի։ Այս վերջին իմաստով էլ օգտագործել է Ա. Բակունցը։ 1910 թ. կաթողիկոս էր Մատթեոս Իզմիրլյանը (1845—1910. XII)։

8 «Հիմար մարդը» հեքիաթը իրականում տպագրվել է «Աղբյուր» մանկական ամսագրի 1913 թ. հոկտեմբերյան համարում, «Աշակերտ» ստորագրությամբ։ Մանրամասնությունները տե՛ս սույն հրատարակության հ. II, էջ 626։

9 Բակունցի այդ «չարության» արգասիք ֆելիետոնը՝ «Մաթվեյ Մաթվեիչ... (Մի անհայտ մարդու անհրաժեշտ կենսագրության փորձ)» խորագրով և «Թեզ գնացող» ստորագրությամբ՝ տպագրվել է Շուշիի «Փայլակ» թերթի 1915 թ. հուլիսի 26-ի № 40-ում։ Մանրամասնությունները տե՛ս սույն հատորում (բնագիր և ծանոթագրություններ)։

10 Բակունցը Լորի դպրոցում պաշտոնավարել է մի ուսումնական տարի` 1915 թ. նոյեմբերի 5-ից մինչև 1916 թ. մայիսի 28 (տե՛ս Ռ Իշխանյան, Բակունցի կյանքն ու արվեստը, Ե., 1974, էջ 28)։

11 Լոր գյուղում անցկացրած շրջանից ստացած տպավորությունները Բակունցն օգտագործել է մասնավորապես «Խոնարհ աղջիկ» պատմվածքում։

12 Գևորգյան ճեմարանի դասարանական բաժնի ավարտական վկայական Բակունցն ստացել է 1917 թ. ապրիլի 20-ին, ըստ այդմ՝ նա ուսումն ավարտել է 1917 թ. մարտի 29-ին: Նույն թվականի մարտի 26-ին, ճեմարանի մանկավարժական խորհրդին ուղղված դիմումի մեջ, Բակունցը խնդրում է իրեն ընդունել լսարանական բաժին (Ա լսարան)։ Ուրեմն՝ նա իրականում ճեմարանն ավարտել է դրանից էլ առաջ (դիմումի արտատպությունը տե՛ս սույն հատորում, էջ 370)։

13 Բակունցն աշխատակցել է Երևանում լույս տեսնող «Ժողովուրդ» թերթին, ուր տպագրվել են «Աղոթք», «Աշոտը», «Անտառում» պատմվածքները (տե՛ս սույն հրատարակության II հատորում), նաև «Զանգ»-ին Ռ. Իշխանյանը Բակունցին է վերագրում այդ թերթերում Ա և Ա. Բ. ծածկանուններով լույս տեսած մի քանի այլ հոդվածներ էլ (տե՛ս «Ակսել Բակունց», Կենսագրություն և մատենագիտություն, Ե., 1960, էջ 106, 117), որոնց քննությունը, սակայն, հիմք չի տալիս նման վերագրման համար։

14 Բակունցը Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտել է 1923 թ., հուլիսին։ Սովորել է երեք տարի։ Հայաստան է մեկնել հուլիսի 13-ին (տես Ռ.Իշխանյան, Բակունցի կյանքն ու արվեստը, էջ 49)։

15 Որպես գյուղատնտես (ագրոնոմ), Բակունցն աշխատել է նախ՝ Գորիսում, 1924 թ. ամառվանից մինչև 1926 թ. մարտը, իսկ հետո՝ Երևանում, Հողժողկոմատում։ Նրա գործունեության այդ տարիների մասին պաշտոնական գրությունները տե՛ս սույն հատորում։

16 «Գավառական նամականի» ընդհանուր վերնագրով առաջին հոդվածը՝ նվիրված Գորիսին, լույս է տեսել «Մարտակոչ», 1924, դեկտեմբերի 27, № 298 (տե՛ս սույն հրատ., հ․ II)։

17 «Հովնաթան Մարչ» երգիծական վիպակը լույս է տեսել 1927 թ. (տե՛ս սույն հրատ., հ. III),

18 «Մթնաձոր» ժողովածուն, նաև նախորդ գիրքը, լույս է ընծայել Պետհրատը, Երևանում, 1927 թ. (տե՛ս սույն հրատ., հ. I)։