Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

19 «Սպիտակ ձին» ժողովածուն լույս է ընծայել ԽՍՀՄ ժողովուրդների կենտրոնական հրատարակչությունը, Մոսկվայում, 1929 թ.։

20 «Կարմրաքար» վեպի հատվածները լույս են տեսեյ «Նոր ուղի», 1929, №№ 1—5 և «Գրական դիրքերում», 1931, № 2 — 3 (տե՛ս սույն հրատ., հ. III)։

21 Այս Ինքնակենսագրականի հիման վրա, վերջինիս տվյայներն ու արտահայտություններն օգտագործելով՝ կազմված է Բակունցի համառոտ կենսագրությունը, որ լույս է տեսել «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգրքում (Ե., 1932, էջ 48), ուր, ի դեպ, կան նաև տվյալներ, որոնք բացակայում են Ինքնակենսագրականում։ Նկատի առնելով գրողի կենսագրության համար դրանց կարևորությունը՝ մեջ ենք բերում ստորև (հեղինակը, հավանաբար, Ե. Չարենցն է)․

«Բակունցը շատ լավ գիտի գյուղը և ունի երևույթների մեջ խորասուզվելու մեծ կարողություն։ Նրա ոճը սեղմ է և գեղարվեստորեն հագեցած։ Առաջին իսկ տողերից նա կարողանում է կերպարանափոխել ընթերցողին ու ապրեցնել նրան իր թեմայով։ ճիշտ է, թվում է, թե նա հատկապես հակված է հնին, անցյալին, անցնողին։ Սակայն այժմ ակնհայտ է, որ նրա խորը լիրիզմը կարողանում է զուգորդվել քաղաքական մեծ ակտուալության հետ։

Բակունցը կոմկուսակցության անդամ է։

Ակսել Բակունցի գրվածքները թարգմանված են ռուսերեն (Պատմվածքների ժողովածու), թուրքերեն, վրացերեն և ուկրաիներեն։

Այժմ Բակունցը գրում է մի մեծ վեպ Խ. Աբովյանի մասին»։

«ՀՈՐՁԱ՞ՆՔ», ԹԵ ՓՈՐՁԱՆՔ

Տպագրվել է՝ ԽՀ, 1925, 6 դեկտեմբերի № 278։ Արտատպվում է նույն օրաթերթից։

1 Արշալույս Տեր-Հովնանյանը ժամանակին հայտնի բանաստեղծ֊արձակագիր էր։ Հրատարակել էր արձակ ու չափածո երկերի մի քանի ժողովածու, այդ թվում «Տանջանքի լարեր» (Թիֆլիս, 1911), «Կարոտի երգեր» (Ե., 1922), «Դեպի ապագան» (Ե., 1923) և այլն։

«Հորձանք» պատմվածքների ժողովածուն լույս է տեսել 1925 թ., 1000 օրինակ տպաքանակով։ Գրքի վերջում տրված է հեղինակի տպագրված և անտիպ երկերի ու թարգմանությունների ցանկը։

«Խորհրդային Հայաստանը» նույն թվականի դեկտեմբերի 16֊ին (№ 286) հրապարակել է Ա. Տեր-Հովնանյանի հոդվածը՝ ««Հորձանքի» քննադատության առթիվ» վերնագրով, որտեղ մասնավորապես գրված է․ «Որովհետև իմ «սեփական» (չակերտները քննադատինն են—Ա. Տ-Հ.) հրատարակությամբ լույս տեսած «Հորձանք» վերնագրով գրքի առթիվ գրած «գրախոսականում» քննադատը մտքերի մի շարք անթույլատրելի, քմհաճ աղավաղումներ է արել, ուստի ստիպված եմ մի քանի փաստական ուղղումներ մտցնել»։ Եվ հեղինակը «Հորձանք» ու «Առանց վերնագրի» պատմվածքների մասին Բակունցի արած քննադատության առթիվ բերում է ութ դիտողություն, որոնցում փորձում է ցույց տալ, որ