Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանգամանքնհրի մասին։ Սկզբնաղբյուրներից քաղված նյութերի մի մասը Բակունցն անհապաղ դնում է որոշակի համակարգի տակ և արդեն 1932 թ. հուլիսի սկզբներին ավարտում է գրքույկը և հանձնում հրատարակության։ Տպագրությունն ավարտվում է շատ կարճ ժամանակամիջոցում, ընդամենը երեք շաբաթում։ Օգոստոսի վերջերին և սեպտեմբերի սկզբներին գրքի առաջին օրինակները Բակունցը նվիրում է իր գրական բարեկամներին։

Պատմավեպի շարադրանքն այդ ընթացքում չի դադարում, որովհետև նույն՝ 1932թ. լույս տեսած «Հոկտեմբեր֊Նոյեմբեր» տարեգրքում որոշակի ասված է. «Այժմ Բակունցը գրում է մի մեծ վեպ Խ. Աբովյանի մասին»։ Այդ ևս նշանակում է, որ ուսումնասիրությունը գրվել է պատմավեպի առաջին դրվագների շարադրմանը զուգահեռ։

Թեպետ ուշացումով, այնուամենայնիվ, «Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը» գրքի պատրաստման ու հրատարակության մասին ժամանակի մամուլում տպագրվել են մի քանի հաղորդումներ։ Օրինակ՝ Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրի 1932 թ. սեպտեմբերյան համարում հաղորդվում էր, որ «Խորհրդային գրող Ակսել Բակունցը մի նոր գիրք է գրել Խաչատուր Աբովյանի անհայտացման մասին, որի վրա նա երկար ժամանակ ուսումնասիրություններ է կատարել։ Գիրքը լույս է ընծայում Հայպետհրատը («Խորհրդային գրող», 1932, № 1, սեպտ., էջ 32, «Խրոնիկա» բաժնում)։

Գրքի լույս տեսնելու մասին պաշտոնական ծանուցում է արված «Սովետական Հայաստան օրաթերթի 1932 թ. հոկտեմբերի 4-ի № 232-ում։

Առաջին մատենախոսությունը, որքան հայտնի է, լույս է տեսել դարձյալ Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում (1932, № 2—3, հոկտեմբեր-նոյեմբեր, էջ 83—84), և դրական էր։ Գրախոսը, որ ծածկված է Ա. Ա. անվանատառերի տակ, շարադրելով Բակունցի հիմնական եզրակացությունները և, ըստ էության, համաձայնելով շատերի հետ, այնուամենայնիվ, հոդվածը եզրափակում էր հետևյալ խոսքերով. «Գիրքն ընթերցողի մեջ առաջ է բերում մեծ հետաքրքրություն իր նոր պատմական նյութերով։ Սակայն դրանք դասավորված չեն գլխավորի և երկրորդականի աստիճանակարգով, և հեղինակը հիմնական հարցադրման լուծումը չի տալիս որպես այդ փաստերից բխող անմիջական հետևություն, և, առաջին հայացքից, հեղինակի եզրակացությունները, թվում է, թե մնում են մշուշապատ։ Ընկ. Բակունցը փաստերի շարադրումից հետո պետք է տար իր պարզորոշ, կոնկրետ ու վճռական եզրակացությունները։

Այդ. իսկ պատճառով՝ գիրքն առիթ կտա լայն դիսկուսիայի։ Հավատացած ենք, որ ընկ. Բակունցի հետագա ուսումնասիրություններն այդ հարցի շուրջը կտան սպառիչ լուծում Աբովյանի պրոբլեմին։

Ընկ. Բակունցն այդ լուծման շեմքին է կանգնած» (էջ 84)։

Երևանյան թերթերն ու ամսագրերն առժամանակ լռություն են պահպանում Բակունցի գրքի մասին, իսկ գրական-գիտական շրջանների ընդհանուր կարծիքն այն էր, որ Բակունցը Աբովյանի մահվան առեղծվածը լուծելիս վրիպել է։ 1933 թ. Գրողների միության երեկույթներից մեկի ժամանակ այդ առթիվ հատուկ զեկուցում է կարդում հայտնի իրավաբան Գրիգոր Չուբարը և «հզորապես հերքում» «անհայտ բացակայում» արտահայտությանը Բակունցի տված մեկնաբանությունը։ Այդ զեկուցման բնագիրը (կամ լրագրական շարադրանքը), չնայած որոնումներին, չենք հայտնաբերել։ Ծանոթ միակ վկայությանը տե՛ս «Անահիտ» (Փարիզ), 1933, № № 1-2 (հուլիս-սեպտեմբեր), «Քրոնիկ»